ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը պաշտոնամուտից անմիջապես հետո ստորագրել է հրամանագիր, որի համաձայն 90 օրով դադարեցնում է ԱՄՆ տրամադրած ԱՄՆ արտաքին ֆինանսական օգնության հատկացումը: Տրամպը քննելու է, թե որքանով է այդ օգնությունը ծառայում ԱՄՆ շահին, բնականաբար՝ իր պատկերացմամբ: Տրամպը արտաքին օգնության տրամադրումը չափելու է իր քաղաքականությանը համապատասխանությամբ:
Այս մասին արդեն իսկ ունեցել եմ որոշակի անդրադարձ, որի հղումը այս գրառման սկզբում է:
Բնականաբար, Հայաստանում առաջին հերթին հարց կհնչի, թե Տրամպի որոշումը ինչ ազդեցություն է ունենալու Հայաստանում ամերիկյան ծրագրերի վրա:
Այս թեման իսկապես կարեւոր թեմա է: Տրամպի համար բնականաբար կարեւոր է, թե այդ ամենը ինչքանով է համապատասխանելու ԱՄՆ՝ իր պատկերացրած շահին:
Իսկ որքանո՞վ են արտաքին ֆինանսական ծրագրերը համապատասխանում Հայաստանի շահին, որքանո՞վ են դրանք ծախսվում Հայաստանի համար շահեկան արդյունքով: Եվ խոսքը միայն ԱՄՆ տրամադրած միջոցների մասին չէ, այլ նաեւ ԵՄ:
Անկախության երեք տասնամյակի ընթացքում Հայաստանում արդիական հանրություն կառուցելու նպատակով տարատեսակ ծրագրերով՝ թե պետական, թե նաեւ ոչ պետական, այսպես ասած հասարակական-քաղաքացիական խողովակներով, խորագրերով Հայաստանին տրամադրվել են թերեւս տասնյակ կամ նույնիսկ հարյյուրավոր միլիոն (հետաքրքիր կլիներ այս երեք տասնամյակի հանրագումարի չափը) դոլար կամ եվրո:
Երբեւէ Հայաստանում լուրջ քննություն կամ ուսումնասիրություն կատարվե՞լ է, թե ինչպիսին են եղել այդ ծավալի ֆինանսավորման կոռուպցիոն ռիսկերը: Շատ շատերը թերեւս կտիրապետեն ամենատարբեր պատմությունների եւ իրազեկվածության, ինչը սակայն թույլ չի տա անել հրապարակային պնդումներ, քանի որ բարդ կլինի ներկայացնել ապացուցողական բազա, իրեղեն ապացույցներ:
Որեւէ կերպ չափվե՞լ է, թե Հայաստանի արդրականացման հարցում ի՞նչ էֆեկտիվություն են ունեցել այդ ծրագրերը: Մի քանի անգամ տարբեր առիթներով կարծիքս արտահայտել եմ, որ այստեղ ձեւավորվել է քաղաքացիական բյուրոկրատիայի մի փակ շրջան, որի շրջանակում էլ հիմնականում պտտվել ու պտտվում են ֆինանսական միջոցները, շոշափելի էֆեկտ ապահովելով այդ շրջանի «յուրայինների» համար:
Շատ հազվադեպ, գուցե նույնիսկ առավելագույնը երկու ձեռքի մատների վրա է հնարավոր հաշվել կազմակերպություններ ու ծրագրեր, որոնք իրապես նպաստել են Հայաստանում հանրային միջավայրի ընդգրկուն որակ փոխելուն, մշակույթ փոխելուն, այլ ոչ թե ընդամենը ծրագրի կամ պրոցեսի մասնակիցների կենցաղի եւ կյանքի որակ փոխելուն:
Ես չեմ խոսում «ազդեցության գործակալության» ասպեկտի մասին: Ես միամիտ չեմ, հասկանալի է, որ արտաքին ֆինանսական որեւէ օժանդակություն որեւէ ուժային կենտրոնի բարեգործություն չէ: Բնական է, որ փողը ազդեցության ռեսուրս է: Արեւմուտքը այն ծախսում է նաեւ այդօրինակ սխեմաներով, Ռուսաստանը՝ հիմնականում ստվերային սխեմաներով: Այսինքն, այստեղ չկա սեւ ու սպիտակ, բոլոր ուժային կենտրոններն էլ ազդեցության համար պայքարի գործիք դիտարկում են փողը:
Տվյալ պարագայում, «թիրախում» գտնվող երկրների կառավարման համակարգերի եւ հասարակական ինստիտուտների համար առանցքայինն է այդ պարագայում ունենալ սեփական արժեքներ ու սկզբունքներ, եւ դիմացի շահագրգռություններով հանդերձ, նրա հետ հարաբերվել սեփական շահագրգռությամբ ու սկզբունքներով, ըստ այդմ մի կողմից կարողանալ քաղել էֆեկտ ու արդյունք, մյուս կողմից չդառնալ ազդեցության գործակալ:
Իհարկկե, այդ դեպքում պարզապես չեն աշխատի տվյալ սուբյեկտի հետ:
Բայց, հենց այստեղ է, որ շատ կարեւոր է դառնում միջավայրի բնութագիրը: Երբ այդպիսին են մեկ-երկու կամ մի քանի հաշված սուբյեկտ, բնական է, որ նրանց պարզապես կանտեսեն, կաշխատեն նրանց հետ, ովքեր պատրաստ են առաջնորդվել «փողին մուննաթ» սկզբունքով:
Սակայն, եթե արժեհամակարգային, սկզբունքային պետականապաշտ նշաձողեր կան ընդհանուր միջավայրում, իսկ «փողին մուննաթը» ոչ թե գերակա բնութագիր է, այլ մարգինալներին բնորոշ էություն, ապա բնական է, որ չեն կարող գործընկեր ընտրել մարգինալներին եւ այդ դեպքում հաշվի են նստելու այն նշաձողերի հետ, ոոր իր կողմից բերում է Հայաստանի հանրույթը:
Այդ դեպքում, երեւույթը ստանում է ոչ թե «ազդեցության գործակալության», այլ գործընկերության բնույթ ու տրամաբանություն»:
--00—ՍՊ