ՌԴ-ն մշտապես աջակցել է ՀՀ-Ադրբեջան սահմանազատմանը և պատրաստ է քարտեզագրական նյութեր տրամադրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

Screenshot_1

Մոսկվան լավ առաջընթաց է արձանագրում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցում։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ նշելով, որ Ռուսաստանը ողջունում է Բաքվի և Երևանի միջև պայմանավորվածությունները՝ սկսելու սահմանազատման և սահմանագծման գործընթացը։

«Մեծ առաջընթաց է արձանագրվել, սահմանի մի մասը սահմանազատվել և սահմանագծվել է։ Որքանով տեղյակ եմ, նրանք (Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը - խմբ.), վերջերս հանդիպել են, պայմանավորվել են սկսել սահմանազատման գործընթացը, առաջ կշարժվեն հյուսիսից հարավ՝ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանների հանգույցից և կիջնեն ներքև»,- լրագրողներին ասել է Օվերչուկը։

«Մենք միշտ ողջունել ենք նման շփումը և նման համատեղ աշխատանքը, քանի որ դա անկասկած կնպաստի տարածաշրջանի կայունությանը»,- հավելել է նա։

ՌԴ փոխվարչապետը նշել է, որ Մոսկվան պատրաստ է խորհրդատվական օգնություն ցուցաբերել երկրներին՝ ելնելով այս տեսակի աշխատանքի իր մեծ փորձից, այդ թվում՝ հենց Ադրբեջանի հետ։

«Տեղեկատվական մասում, գիտեք, Ռուսաստանն ունի համապատասխան քարտեզագրական նյութեր, որը անհրաժեշտության դեպքում կարող է տրամադրվել սահմանազատման և սահմանագծման մեջ ներգրավված կողմերի պահանջով»,- հավելել է Օվերչուկը։

--00—ՅՄ