ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News
Մարդու իրավունքների պաշտպանին շարունակում է մտահոգել ազատությունից զրկված անձանց՝ քրեակատարողական հիմնարկից դատական նիստերին չտեղափոխելու արատավոր պրակտիկան։
Այս հարցի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը պարբերաբար ստանում է բողոքներ ինչպես ազատությունից զրկման վայրեր կատարած մշտադիտարկման այցերի ընթացքում, այնպես էլ՝ անհատական բողոքներով։
Բարձրացված խնդիրների գերակշիռ մասը վերաբերում է Ներքին գործերի նախարարության ոստիկանության ուղեկցող գումարտակի կողմից իրականացվող ազատությունից զրկված անձանց դատարաններ տեղափոխման աշխատաքների կազմակերպմանը։ Թեև ՆԳՆ-ից Մարդու իրավունքների պաշտպանի գրությանն ի պատասխան` նշել են, որ 2024 թվականի 2-րդ կիսամյակում ձեռք է բերվել 22 նոր տրանսպորտային միջոց, միևնույն է հարցը շարունակում է մնալ չլուծված։
Օրինակ, Պաշտպանի աշխատակազմ ստացված բողոքներից մեկով անձը 1 տարվա ընթացքում իրեն վերաբերելի 7 դատական նիստից 4-ին չի կարողացել մասնակցել, մեկ այլ բողոքի համաձայն՝ անձը շուրջ 2 տարի վերը նշված խնդիրների պատճառով չի կարողացել ընդհանրապես մասնակցել դատական նիստին։ Վերոնշյալ խնդրի վերաբերյալ իրավասու մարմիններից պահանջվել են պարզաբանումներ, որոնց համաձայն՝ դատական նիստերի չտեղափոխելու պատճառներ են նշվել․ ուղեկցող գումարտակի թափուր հաստիքների հետևանքով առաջացած աշխատանքային գերծանրաբեռնվածությունը, տրանսպորտային միջոցների անբավարարությունը կամ անսարքությունը։
Արդյունքում, դատական նիստերին մասնակցությունը չապահովելու պարագայում, վտանգվում է անձանց արդար դատաքննության իրավունքը:
Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ շեշտում է, որ պետության կողմից պետք է ձեռնարկվեն գործուն քայլեր քրեակատարողական հիմնարկներից ազատությունից զրկված անձանց տրանսպորտային միջոցներով դատարաններ ուղեկցումն ապահովվելու ուղղությամբ, ինչը գործնականում կարող է բարձրացնել նաև դատական իշխանության գործունեության արդյունավետությունը։ Խիստ մտահոգիչ է, որ տարիներ շարունակ բարձրացրած խնդիրները մնում են անփոփոխ և արդիական՝ այդ թվում՝ ՀՀ ներպետական օրենսդրությամբ տրանսպորտային միջոցների համար հստակ չափանիշներ սահմանված չլինելու հարցը։
--00—ԼՀ