ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց ուշադրություն հրավիրելով Սիրիայում բնակվող բոլոր քրիստոնյաների պաշտպանության վրա:
«Տեսնելով Սիրիայում շարունակվող անկարգություններն ու ավերիչ հակամարտությունը՝ մեր սրտերը լցվում են խոր տխրությամբ և անհանգստությամբ բոլոր տառապողների համար: Մեզ մասնավորապես անհանգստացնում է մեր հայ եղբայրների ու քույրերի աղետալի վիճակը։ Նրանք տարիներ շարունակ ապրել են այս հողում, որտեղ ապաստան են գտել 1915 թվականի Հայոց սարսափելի ցեղասպանությունից հետո: Սիրիան նրանցից շատերի տունն է դարձել», – ասվում է X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ։
Նշվում է, որ տարածաշրջանում տիրող քաոսի և բռնության պատճառով կրկին վտանգված է Սիրիայի բոլոր քրիստոնյա համայնքների անվտանգությունը:
Պատրիարքությունն ընդգծել է, որ իր ձայնը բարձրացնում է ի պաշտպանություն բոլոր անմեղ մարդկանց, հատկապես` հայերի:
«Նրանք պարզապես էթնիկ խումբ կամ հավատացյալների համայնք չեն, այլ գոյատևման, տոկունության և արժանապատվության համար շարունակվող պայքարի վկայությունը», - ասված է հայտարարության մեջ:
Հայ հոգևորականներն ընդգծել են` սիրիահայերը, որոնցից շատերը բնակվում են Հալեպում և Դամասկոսում, արդեն շատ բան են վերապրել:
«Ցեղասպանությունից հետո նրանք վերականգնել են իրենց կյանքը, ստեղծել են դինամիկ զարգացող համայնքներ և զգալի ներդրում ունեցել Սիրիայի սոցիալական, մշակութային և հոգևոր կյանքում։ Սակայն այժմ նրանք բախվում են իրենց կյանքին և ժառանգությանը սպառնացող նոր վտանգի։ Նրանց եկեղեցիները, դպրոցները, տները հայտնվել են շարունակվող քաղաքացիական պատերազմի խաչաձև կրակի տակ», - հիշեցրել է պատրիարքարանը։
Դիմելով միջազգային հանրությանը` Երուսաղեմի պատրիարքարանն ընդգծել է, որ հայերը Մեծ Մերձավոր Արևելքում քրիստոնեական ներկայության կենսական մասն են։
«Սիրիայում մեր քրիստոնյա եղբայրների և քույրերի անվտանգությունը չպետք է խաթարվի»,– ասվում է հայտարարության մեջ:
--00--ՀԱ