ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Վանաձորի ոստիկանության բաժնում արցախցի երիտասարդին խոշտանգելու դեպքով հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի (մի խումբ անձանց կողմից խոշտանգման) հատկանիշներով։
Հիշեցնենք, որ փաստաբան Ռոման Երիցյանը երեկ ահազանգել էր, որ Վանաձոր քաղաքում երկու զինված ու դիմակավորված տղամարդ ապօրինի մուտք են գործել արցախցի ընտանիքի կողմից վարձակալված բնակարան, սպանության սպառնալիքներ հնչեցրել սկզբում 28-ամյա կնոջ, այնուհետև վերջինիս մանկահասակ երեխայի նկատմամբ և հափշտակել տանը եղած ոսկեղենը։
«ՆԳՆ ոստիկանության Վանաձորի բաժնի ոստիկանները դեպքի առթիվ ոստիկանության բաժին են հրավիրել տուժողի բարեկամին՝ 28-ամյա Տիգրան Ուլուբաբյանին, որը սկզբում տուժողի հետ ներկայացել էր ոստիկանություն՝ որպես վերջինիս ուղեկցող։ Ոստիկանությունում Տիգրանին ուղեկցել են պետի աշխատասենյակ, որտեղ էլ հորդորել են ավազակության դեպքը վերցնել իր վրա։ Արժանանալով կոշտ ու բացասական պատասխանի՝ բաժնի պետը ոստիկաններին հրահանգել է Տիգրանին «մշակել»: Այսպես, վերջինիս քաշելով տեղափոխել են այլ աշխատասենյակ, որտեղ էլ թվով 6 ոստիկաններ ոչ միայն ֆիզիկական բռնություն են գործադրել վերջինիս նկատմամբ՝ հարվածելով գլխի ու մեջքի տարբեր հատվածներին, այլև թքել տղայի վրա, քաշել ու պոկել մազերը, ինչպես նաև հասցրել տարբեր բնույթի հայհոյանքներ։ Այնուամենայնիվ, յոթ ժամ ոստիկանության բաժնում ապօրինի պահելուց հետո ոստիկանները Տիգրանին բաց են թողել՝ հորդորելով տեղի ունեցածի մասին որևէ մեկին չհայտնել։ Նկատելով, որ Տիգրանի հետ տեղի ունեցածի մասին ավազակության գործով տուժողի և այլ անձանց կողմից որոշակի նյութեր են հրապարակվում սոցիալական ցանցերում, Տիգրանին զանգել և սպառնացել են այդ ամենը դադարեցնել»,- հայտնել է Ռոման Երիցյանը՝ հավելելով նաև, որ Տիգրանի հայրն ու հարազատ եղբայրը Արցախում զոհվել են, իսկ մայրը՝ մահացել, չնայած Տիգրանն ընտանիքի միակ արու զավակն է, սակայն վերջինս մասնակցել է և’ քառօրյա, և’ քառասունչորսօրյա, և’ արցախյան վերջին պատերազմներին։
Նշենք, որ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել դեպքի առնչությամբ։
--00--ԱՀ