ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News
Սահմանադրական փոփոխությունների մասին նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ Ազգային ժողովի ընդունած որոշումը խորհրդարանի համապատասխան գրությամբ պետք է ներկայացվի ՀՀ նախագահին: Նախագահն օրենքով սահմանված ժամկետում հանրաքվե կնշանակի: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
Վարդանյանը հավելել է, որ Դրանից հետո գործընթացին կմիանան այն սուբյեկտները, որոնք պատասխանատու են հանրաքվեի կազմակերպման և անցկացման համար, և կանցկացվի հանրաքվե։
Հարցին, թե արդյոք հանրաքվե անցկացնելու ԱԺ որոշման համար անհրաժե՞շտ է Սահմանադրական դատարանի որոշումը, Վարդանյանը պատասխանել ․
«Հստակ կանոնակարգումներ չկան՝ Սահմանադրական դատարանի եզրակացություն այս հարցի վերաբերյալ անհրաժեշտ է, թե ոչ: Տվյալ հարցում, իմ կարծիքով, ՍԴ 7 անդամ շահագրգռվածություն ունի, և ինչ-որ առումով վատ դրության մեջ կդնենք նրանց, եթե հարցը փոխանցվի Սահմանադրական դատարան՝ եզրակացության»։