ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News
ՀՀ ԱԱԾ թմրամիջոցների ապօրինի ներկրման ուղիները պարզելու եւ կանխարգելելու, հանցավոր սխեմաներում ներգրավված անձանց պատասխանատվության կանչելու ուղղությամբ օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրման հերթական դեպքը։ Այդ մասին հայտնում է ԱԱԾ-ն։
Ստացված փաստական տվյալների համաձայն` Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ քաղաքացին, Երևանում բնակվող 2 ծանոթի պատվերով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով «մեթադոն» և «կոկաին» տեսակի թմրամիջոցներ, որոնք տեղադրել է էլեկտրական սղոցի մեջ պատրաստված թաքստոցում եւ 2020 թ. հունվարի 25-ին Մոսկվա քաղաքում պայուսակով փոխանցել է դեպի Հայաստան բեռնափոխադրմամբ զբաղվող միկրոավտոբուսի վարորդին՝ տրամադրելով նրան գնորդների հեռախոսահամարները։ Արդյունքում թմրամիջոցների հիշյալ խմբաքանակը մաքսային հսկողությունից թաքցնելով, 2020թ. փետրվարի 3-ին «Բագրատաշեն» սահմանային անցակետով ներկրվել է Հայաստանի Հանրապետություն, իսկ թմրամիջոցի պատվիրատուները, ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների հսկողության ներքո փետրվարի 3-ին ստանալով ուղեբեռը, այն ապօրինի փոխադրել են իրենց կողմից որպես հավաքատեղի օգտագործվող տարածք, որից հետո բերման են ենթարկվել և ձերբակալվել։
Առերևույթ հանցագործության դեպքի փաստով ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում ձեռք է բերվել հանցագործությունը փաստող անհերքելի ապացույցների համակցություն, կատարվում է նախաքննություն։