ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News
«Gazeta.ru»-ն, «Տնտեսական հրաշք․ ինչպե՞ս Հայաստանն առաջ անցավ Ռուսաստանից» խորագրով հրապարակում է արել՝ անդրադառնալով ԵԱՏՄ անդամ պետությունների նախնական տնտեսական ցուցանիշներին, համաձայն որոնց՝ ՌԴ-ում, Ղազախստանում, Բելառուսում, Հայաստանում և Ղրղզստանում, աճ է գրանցվել:
Հրապարակման համաձայն՝ ՀՆԱ-ի աճի տարբերությունը շոկային է: Բացարձակ առաջատարը Հայաստանն է: 2019-ի 9 ամիսների ընթացքում երկրի տնտեսական աճը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 7,5 %։ Ընդհանուր տարվա արդյունքներով 7,9 % աճ է կանխատեսվում:
Ըստ հոդվածագրի՝ սա ծանրակշիռ արդյունք է ոչ միայն եվրասիական գործընկերների շրջանում, Հայաստանը կարող է լավագույնը լինել նաև սևծովյան տարածաշրջանում՝ առաջ անցնելով Վրաստանից, Թուրքիայից, Բուլղարիայից, Ռումինիայից, Մոլդոդվայից, Ուկրաինայից և այլ երկրներից:
Առևտրի և զարգացման սևծովյան բանկի նախագահ Դմիտրի Պանկինը կարծում է՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը, բիզնեսի համար խաղի հասկանալի կանոնների ստեղծումը, թափանցիկ բանկային համակարգը դրական են ազդում ներդրողների ծրագրերի վրա:
«Ինչի՞ հաշվին տեղի ունեցավ «հայկական տնտեսական հրաշքը»»,- հարցադրում է անում հոդվածագիրը՝ ընդգծելով, որ ո՛չ արդյունաբերության, ո՛չ առևտրի ոլորտում տպավորիչ հաջողություններ չեն արձանագրվել, իսկ շինարարության ոլորտում աճը նույնիսկ դանդաղել է՝ հասնելով 4,5 %-ի: Ըստ հրապարակման՝ առաջընթաց ապահովվել է տնտեսությունը «սպիտակեցնելու և ազատականացնելու» հաշվին, իշխանության ու հանրության ցանկության արդյունքում։
Նշվում է նաև, որ ստեղծվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որի շնորհիվ պաշտոնյաների եկամուտների ու ծախսերի իրական վերահսկողություն է կազմակերպվում: Աղբյուրը նաև նշում է, որ 346 կոռուպցիոն սխեմաների բացահայտման արդյունքում բյուջե 105 միլիոն դոլար է վերադարձվել՝ 7 անգամ ավելի, քան վերջին 11 տարիներին: