ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը գրություն էր ուղարկել ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանին՝ կապված առևտրի կենտրոններում ավելացող գողությունների հետ. և պետք է հրավիրվեր խորհրդակցություն: Եվ ահա, «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խորհրդակցությունը կայացել է, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ գլխավոր դատախազության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից պաշտոնատար անձինք: Ներկա են եղել նաև Հարություն Բաբայանը և «Դալմա Գարդեն Մոլ», «Երևան Մոլ» առևտրի կենտրոններում գործունեություն ծավալող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ:
Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը ներկաներին է ներկայացրել Երևանում գործող առևտրի կենտրոններում գործունեություն ծավալող մի շարք ընկերությունների սրահներից, ինչպես նաև առևտրի կենտրոններից կատարված հափշտակությունների և փորձերի դեպքերի առթիվ ուսումնասիրությունների վերաբերյալ տեղեկատվություն:
Եվ ուսումնասիրությունների համաձայն պարզվել է, որ երկու առևտրի կենտրոններում հափշտակություն կատարած և պատասխանատվության ենթարկված անձանցից 11-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ մնացած 348-ի նկատմամբ՝ անազատության հետ չկապված խափանման միջոցներ, այսինքն՝ 96,9%-ի դեպքում կալանավորում չի կիրառվել: Հանդիպման ընթացքում որոշվել է, որ ոստիկանությունն ուսումնասիրություն իրականացնի, թե որքան ուժեր է անհրաժեշտ կենտրոնացնել առևտրի կենտրոններում այնտեղ գողության դեպքերը կանխելու նպատակով: Իսկ մյուս գերատեսչությունները առկա խնդիրները կարգավորելու նպատակով պետք է իրենց առաջարկները ներկայացնեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։