Այն տարածքը, որն այսօր մեր Սահմանադրությամբ է ամրագրված,առևտրի առարկա չէ.Վիտալի Բալասանյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News 

.

Մարտի 10-ին Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը Ստեփանակերտում ընտրողների հետ հանդիպում է ունեցել Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի թեկնածու նախընտրական շտաբից:

Ողջունելով բոլորին, Վ. Բալասանյանը խոսել է  տարածաշրջանում առկա խնդիրների մասին, հայտնել իր  մտահոգությունները:

«Եվ այսօր, և երեկ, թե Ադրբեջանը, թե այն երկրները, որոնք շահ են հետապնդում մեր տարածաշրջանում, խոսում են տարածքային ամբողջականության մասին: Այն տարածքը, որն այսօր մեր Սահմանադրությամբ է ամրագրված, առևտրի առարկա չէ, չի կարող լինել և թույլ չենք տալու, անձամբ ես»:

Բալասանյանի խոսքով չի կարելի թույլ տալ Արցախում դրածո իշխանություն, դա միանշանակ կործանարար կլինի: Ադրբեջանը մի քանի անգամ փորձել է լուծել Արցախի հարցը ռազմական ճանապարհով: «Երբևիցե Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով չեն կարողանալու լուծել»,-ասել է Վիտալի Բալասանյանը:

Բալասանյանի խոսքով, այսօր աշխարհը պայթունավտանգ վիճակում է, և չեն բացառվում սադրանքներն Արցախի սահմաններում։ Այս  իրավիճակում պառակտված հասարակությունն ուղղակի վտանգավոր է։ Արցախի հերոսի խոսքով, խնդիրների մասին խոսել է նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, հայտնել իր խորը մտահոգությունը և այն, որ այդ պառակտումը կարող է ճակատագրական լինել։