ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News
Շտապբուժօգնության աշխատակիցները հատուկ պաշտպանիչ արտահագուստներով և բժշկական դիմակներով են շտապում հիվանդի տուն, երբ կա կորոնավիրուսի կասկած, ջերմության, հազի աշխատանիշներ։
«Շտապբուժօգնության» «Կենտրոն» ենթակայանի աշխատակիցը 24News-ի հետ զրույցում նշեց, որ եթե քաղաքացին բարձր ջերմություն ունի և կորոնավիրուսին բնորոշ ախտանիշներ, ապա նրան տեղափոխում են բուժհաստատություն, որպեսզի անցնի համապատասխան թեստերը։
«Շտապբուժօգնության» «Կենտրոն» ենթակայանի տնօրեն Թագուհի Ստեփանյանը 24News-ին տեղեկացրեց, որ որոշ դեպքերում հիվանդները թաքցնում են իրենց գանգատները․ «Վախեցած վիճակում են լինում, հետո պարզվում է՝ ժամանել է Իտալիայից կամ այլ երկրից»։
Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածները 6-ն են, որոնք հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վիրուսով վարակման առաջին դեպքի մասին հայտարարվել էր մարտի 1-ին, քաղաքացին ժամանել էր Թեհրանից, մյուս 3 դեպքերի մասին հայտարարվեց մարտի 11-ին, 3 քաղաքացիներն էլ ժամանել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Իտալիայի քաղաքացի է, երկուսը՝ Հայաստանի։
Վերջին տվյալներով կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է մոտ 130 հազար, մահացածների թիվը մոտ 4750 է։ Կորոնավիրուսն արդեն տարածվել է աշխարհի 126 երկրում, առողջապահական համաշխարհային կազմակերպությունն այն հայտարարել է համաշխարհային համաճարակ։