ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ արձակվելուց հետո քրեական գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազը կայացրել է որոշում՝ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ ընտրվել է երկրից չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցը:
Հարցին՝ բողոքարկվելո՞ւ է արդյոք Վերաքննիչ դատարանի որոշումը, Աբրահամյանը պատասխանեց. «Դատարանի այդ որոշումը դեռեւս չենք ստացել, սակայն նկատի ունենալով, որ դրա հիմքում դրվել է հիմնավոր կասկածի հարցը, ինչի հետ համաձայն չենք, ապա որոշումն անպայման բողոքարկվելու է Վճռաբեկ դատարան»:
Հիշեցնենք՝ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, մարտի 11-ին բավարարեց Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքը՝ վերջինիս կալանավորման որոշման դեմ: Այդպիսով, Թավադյանն ազատ արձակվեց:
Նա մեղադրվում է կազմակերպված խմբի կողմից Մարտի 1-ի գործով տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու մեջ: