ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
Վրաստանում հայտարարված արտակարգ դրությունից և գործող սահմանափակումներից ելնելով, Վիրահայոց թեմը հոգևոր ծիսակատարությունները և արարողությունները կիրականացնի փոփոխված ձևաչափով: Այս մասին հայտարարել է Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը՝ հատուկ տեսաուղերձի միջոցով: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն:
Ինչպես նշվում է ուղերձում, թեմի պաշտոնական կայքէջում և ֆեյսբուքյան էջում կտեղադրվի կիրակնօրյա Սուրբ Պատարագների խորհուրդների քարոզչությունը, որը կներկայացնի Վիրահայոց թեմի առաջնորդը:
«Ծաղկազարդի տոնի, Ավագ շաբաթվա բոլոր օրերի խորհուրդները և Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությանը նվիրված արարողությունները, նույնպես կկատարվեն եկեղեցիներում, փակ վիճակում, որոնց հավատացյալները կարող են ունկնդրել եկեղեցու մերձակա տարածքում՝ բարձրախոսների միջոցով կամ դիտել տանը առցանց՝ ուղիղ հեռարձակմամբ»,- հայտարարել է Կիրակոս վարդապետ Դավթյանը:
Վիրահայոց թեմի առաջնորդի տեղապահը վիրահայերին կոչ է արել, պահպանել հանգստություն և աղոթել տանը: