Արման Սարգսյանն աշխատանքից ազատել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

արման

ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի՝ մայիսի 2-ի հրամանի համաձայն՝ աշխատանքից ազատվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Գևորգ Հակոբյանը: Այդ մասին ԶԼՄ-ներին հայտնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Գևորգ Հակոբյանի փոխարեն մարզային վարչության պետի պաշտոնակատար է նշանակվել նրա օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը։

Ինչո՞ւ է հեռացվել Հակոբյանը, դա կապվա՞ծ է Գավառի դեպքերի հետ, ԶԼՄ-ների հարցին գերատեսչության ներկայացուցիչը պատասխանել է, որ ոստկանությունում միշտ էլ լինում են կադրային փոփոխություններ:

Նշենք, որ Գևորգ Հակոբյանը ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի պաշտոնին էր նշանակվել 2019 թվականի նոյեմբերի 12-ին:

Ավելի վաղ՝ ապրիլի 28-ին, Գավառի Ազատության պողոտայում միջադեպ էր եղել, հնչել էին կրակոցներ, ինչի հետեւանքով սպանվել էր 2, վիրավորվել՝ 4 մարդ: Դրանից հետո իրավիճակը չէր հանդարտվել, մարզի բնակիչները՝ մոտ 500 մարդ, շտապել էին հիվանդանոց՝ վիրավորների հետ սպանվածների համար հաշվեհարդար տեսնելու: Հիվանդանոցում արդեն գրանցվել էր երկրորդ միջադեպը. կոտրելով դռներն ու պատուհանները՝ նրանք ներխուժել էին հիվանդասենյակներ, վնասվածքներ հասցրել վիրավորներից մի քանիսին: Վիրավորվել էր 5 մարդ, այդ թվում՝ հիվանդներից մեկի խնամողը: 

Դեպքի փաստով քրգործ է հարուցվել՝ սպանության, սպանության փորձի, ապօրինի զենք-զինամթերքի, գույքը դիտավորությամբ վնասելու կամ ոչնչացնելու, զանգվածային անկարգությունների փաստերով: 15 քաղաքացու առաջադրվել են մեղադրանքներ, 13-ը կալանավորվել են: