ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից թուրք պատգամավոր Վոլքան Բոզքըրը ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի (ԳՎ) 75-րդ նստաշրջանի նախագահ: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Նախագահի ընտրության քվեարկությունը տեղի է ունեցել հունիսի 17-ին: Հարկ է նշել, որ այդ պաշտոնին առաջադրված միակ թեկնածուն եղել է հենց Թուրքիայի ներկայացուցիչը։
193 երկրի ներկայացուցիչներից միայն Վենեսուելան է ՄԱԿ-ի անդամ երկրների նկատմամբ ունեցած արտաքին պարտքի պատճառով զրկվել քվեարկելու իրավունքից։ Ուստի քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցել է 192 երկիր։
Բոզքըրի թեկնածությանն աջակցել է ՄԱԿ անդամ 178 պետություն, 11-ը ձեռնպահ են մնացել, ևս 3 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Վոլքան Բոզքըրը կհաջորդի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 74-րդ նստաշրջանի նախագահ Թիջանի Մուհամմադ-Բանդեին և այդ պաշտոնը կզբաղեցնի 2020թ․ սեպտեմբերի 15-ից մինչև 2021թ․ սեպտեմբերը։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն շնորհավորել է Բոզքըրին և աջակցություն հայտնել։
ՄԱԿ ԳՎ նախագահը պաշտոնապես ավելի բարձր է գնահատվում, քան գլխավոր քարտուղարը, նրան պատիվ է տրվում պետության ղեկավարի մակարդակով, եթե դիվանագիտական այցեր է կատարում: Գործնականում նախագահը հիմնականում արարողակարգային դիրք է գրավում:
Նշենք, որ մինչև ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնելը Վոլքան Բոզքըրը ղեկավարել էր Թուրքիայի խորհրդարանի միջազգային գործերով հանձնաժողովը, ինչպես նաև 2015-16 թվականներին եղել է Թուրքիայի Եվրամիության գործերով նախարարը և Թուրքիայի եվրաանդամակցության հարցերով գլխավոր բանագնացը:
--0—ՄՀ