Երկու տարի առաջ բնակարանից կատարված գողությունը բացահայտվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News     

Դեպքը 2018 թվականի ամռանն էր կատարվել` Էրեբունի վարչական տարածքում:

Հուլիսի 14-ի առավոտյան Արցախի փողոցի շենքերից մեկի մի բնակարանի դուռ բաց լինելու հանգամանքից օգտվելով` ինչ-որ մեկը բացահայտ հափշտակել էր տանտիրուհու դրամապանակը: Կինը փորձել էր բռնել կողոպտչին, բայց չէր հաջողվել: Փախել էր:

Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում ստացվեց միայն դեպքից մոտ երկու ժամ անց:

Իրավապահներն Արցախի փողոց էին մեկնել, զրուցել տուժողի հետ: Դրամապանակում փող, բանկային քարտեր ու բանալի էր եղել:

Կողոպուտի փաստով հարուցվեց քրեական գործ: Քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկեցին, սակայն կասկածվողին ո՛չ այդ, ո՛չ էլ հաջորդ օրերին հայտնաբերել չհաջողվեց:

Կողոպուտը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվեցին: Եվ դեպքից երկու տարի անց, ոստիկանների հետևողական աշխատանքի շնորհիվ, կասկածվողը հայտնաբերվեց:

Տեղեկություններ ստացվեցին, որ կողոպուտը հնարավոր է կատարած լինի Մասիս քաղաքի 55-ամյա մի բնակիչ:

Հունիսի 22-ին, ժամը 14-ի սահմաններում, նա բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին:

Հանգամանքները պարզվում են:

Միջոցառումներ են ձեռնարկվում գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:  --0—ՄՀ