ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 15, 24News
Ադրբեջանի ռազմաքաղաքական էլիտան ինքն իրեն մղել է անկյուն և հայտնվել հիմար վիճակում: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Նախ, սադրանքի դիմելով, հարձակվել է ՀՀ պետական սահմանի վրա` փորձելով ինչ-որ առավելություն ձեռք բերել և դա դարձնել ներքին սպառման առարկա՝ բազմաթիվ ներքաղաքական խնդիրներ կոծկելու համար:
Սադրանքը ֆիասկո է ապրել, որից հետո Բաքվում ադրբեջանական իշխանությունները պատերազմ պահանջող բազմամարդ ցույցեր են կազմակերպել, որոնք իրենց հերթին հակաիշխանական բողոքի ակցիայի վերածվելու նշաններ են ցույց տվել։
Այժմ Ադրբեջանի ռազմաքաղաքական էլիտան կանգնել է երկու ճանապարհի առջեւ, երկուսն էլ՝ հղի իշխանության տապալման վտանգով:
Եթե պատերազմ սկսեն, ապա այն կարճ է տեւելու, ու ավարտվելու է իրենց խայտառակ պարտությամբ, որի արդյունքում տապալվելու է այսօրվա ռազմաքաղաքական էլիտան:
Եթե պատերազմ չսկսեն սանձազերծված սադրանքի եւ աննախադեպ կորուստներից հետո, ապա ներքաղաքական պատասխանատվության ու հրաժարականների լեգիտիմ պահանջով կրկին տապալվելու է ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Կարծես՝ ելք չկա, բայց ես կարծում եմ՝ ելք կա։ Ելքն այն է, որ Ադրբեջանի իշխանությունը պետք է դադարեցնի կրակը եւ ներողություն հայցի եւ՛ իր ժողովորդից, եւ՛ հայ ժողովրդից:
Ինչ մնում է գործող բռնաընտանեկան էլիտային, ապա նրանց տապալումը ժամանակի հարց է:
Նրանց անփառունակ վախճանին բան չի մնացել»,-գրել է Մարուքյանը:
--00—ԼՄ