ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News
Մինչև օրս աշխարհը շարունակում է պայքարել նոր կորոնավիրուսային համավարակի դեմ։ Դեպքերի թիվն աշխարհում արդեն հատել է 16 միլիոնը։ Հայաստանում, վերջին տվյալներով, վարակակիրների թիվը գերազանցում է 37 հազարը։
Առողջապահության նախարարությունից 24News-ին հայտնեցին, որ վերջին 10-օրյա դինամիկայում դեպքերի չնչին նվազում է նկատվում։ Մեկ շաբաթում կատարվող թեստերի միջին թիվը հասնում է մինչև 2000-ի։ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի խոսքով՝ թեստավորումների համար մարդկանց դիմելիությունը նվազել է․
«Այս առումով չափորոշիչներ են փոխվել նախարարության կողմից, եթե նախկինում 38․5 ջերմությամբ և կասկածելի մարդիկ էին թեստավորվում, ապա հիմա արդեն թեստավորվում են նաև 37․5 և շնչառական խնդիրներ ունեցողները։ Քաղաքացիները պոլիկլինիկաներում ևս կարող են թեստավորվել, սա կօգնի ավելի արդյունավետ կերպով բացահայտել վարակակիրներին», - ասաց առողջապահության նախարարի խոսնակը։
Թե ինչո՞վ է պայմանավորված թեստավորման համար մարդկանց դիմելիության նվազումը, Նիկողոսյանի պարզաբանմամբ, դեռ վաղ է ասել, իրավիճակը պետք է ուսումնասիրվի։
Այս օրերին կորոնավիրուսային բուժմամբ զբաղվող հիվանդանոցները դեռ շարունակում են ծանրաբեռնված մնալ։ Այնուամենայնիվ, առողջապահության նախարարությունից վստահեցնում են, որ հիվանդանոցների միջոցների ծավալը բավարար է հիվանդներին սպասարկելու համար։
Մինչ աշխարհի տարբեր ծայրերում մարդիկ ընտելանում են կորոնավիրուսին զուգահեռ ընթացող կյանքին, չեն դադարում շրջանառվել պատվաստանյութի պատրաստման մասին լուրերը։ Որոշ երկրներ արդեն պատվաստանյութ ստեղծելու փուլում են։
«Հայաստանը հետևում է աշխարհի ընթացքին, բանակցություններ կան տարբեր երկրների հետ, սակայն դեռ հստակ որոշում չկա, թե ո՞ր երկրի հետ կգործակցենք՝ պատվաստանյութ ձեռք բերելու համար», - նշեց Ալինա Նիկողոսյանը։
Սոնա Գրիգորյան
--0--ԿԿ