ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News
Մենք պետք է դիտարկենք այս ամենը անցած երկու տարվա կտրվածքով: Ի՞նչ էր տիրում սահմանի վրա, ի՞նչ էր տիրում հայ-ադրբեջանական շփման գծում, հեռուստաընկերությունների լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշեց, որ ընդհանրապես զինվորականները պետք է համարեն, որ այս կոնֆլիկտը լուծում չունի, սա տևելու է երկար և եթե քո մարտական դիրքը հարմար է, դու երկար տարիներ ունենում ես շատ քիչ գլխացավանք, հակառակն է տեղի ունենում մյուս կողմի համար:
«Դրա համար պետք է միշտ մտածել դիրքերը ամրապնդելու մասին, ինչը մենք չէինք անում վերջին երկու տարվա ընթացքում, իրենք անարգել բարելավում էին իրենց դիրքերը, հավանաբար սովորել էին, որ այդպես պետք է լինի ,երբ կանխվեց, ապա այս ձևով խաղաղ բնակչությանը ռմբակոծելով իրենք փորձում էին ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ մեկ պատճառով՝ վերադարձնել այն, ինչի համար սա սկսվել է՝ բարելավել դիրքերը»,- նշեց նա:
Ըստ Քոչարյանի առաջին հետևությունը այն է, որ Ադրբեջանի նախագահն այդքան էլ կոնստրուկտիվ չի, Ադրբեջանը խաղաղասեր չէ, Ադրբեջանի ժողովուրդը պատրաստ չէ խաղաղության:
«Մեր հանրությանը ինչպե՞ս էին կերակրում՝ ունենք կոնստրուկտիվ հակառակորդ, որի հետ բանակցում ենք, եթե չգնան խաղաղ կարգավորման, կդիմենք Ադրբեջանի ժողովրդին: Ի՞նչ մնաց այս երկու տարվա որդեգրած դիրքորոշումից, մի բան մնա՞ց, թե՞ չէ»,- ասաց նա:
Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ մենք պետք է ֆիքսենք երկու կարևոր փաստ, որ մենք ունենք այսօր ոչ միայն ռևանշի ձգտող կառավարություն Ադրբեջանում, այլ նաև ռևանշի ձգտող ժողովուրդ Ադրբեջանում, երբ այս երկու հանգամանքը միանում են, պատերաազմի վերսկսման վտանգը մեծ է լինում։
«ՀՀ Կառավարությունը պետք է խոստովանի, որ սխալ քաղաքականություն է վարել այս հարցի շուրջ և պետք է ընդունենք, որ ունենք պատերազմի համար ավելի վտանգավոր իրավիճակ, քան ունեցել ենք երկու տարի առաջ»,- հավելեց նա:
--0--ԱՀ