ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնն ուժեղացված ստուգայցերի շրջանակում այսօր պարետի սահմանած կանոնների պահպանումը դիտարկել է Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզերի խոշոր արտադրական կազմակերպություններում, բժշկական կենտրոններում, ատամնաբուժական կլինիկաներում, դեղատներում և գեղեցկության սրահներում։ Այս մասին հայտնում են ԱԱՏՄ-ից:
Ստուգայցերն այսօր առանձնակի խախտումներ չեն հայտնաբերել, իսկ նախկինում կասեցման համար հիմք հանդիսացած թերությունները վերացված են եղել «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ում և «Արարատցեմենտ»-ում:
Վերահսկողական աշխատանքների շրջանակում կասեցվում են այն կազմակերպությունները, որտեղ արձանագրվում են պարետի սահմանած անվտանգության կանոնների խախտումներ:
ԱԱՏՄ Հարավային տարածքային կենտրոնի մասնագետների հետևողական գործողություններն արձանագրում են շոշափելի դրական արդյունք:
Տնտեսավարողների բարեխիղճ մոտեցումը բարձր գնահատելով՝ ԱԱՏՄ-ն, այնուամենայնիվ, հորդորում է խստագույնս պահպանել հակահամաճարակային անվտանգության կանոնները:
--00--ԱԹ