ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News
ԿԳՄՍՆ-ն Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման մասին ուղեցույց է հրապարակել, որով սովորողի դպրոց մուտքի համար կանոններ են սահմանվել։
Ըստ այդ կանոնների՝
- Դպրոց սովորողների մուտքն անհրաժեշտ է ապահովել այնպես, որ բացառվեն կուտակումները և ապահովվի սոցիալական հեռավորություն: Այդ նպատակով հասանելի պետք է լինեն դպրոցի բոլոր մուտքերը, ինչես նաև՝ դպրոցի բակում կամ օգտագործելի հարող տարածքում իրականացվում է գծանշում՝ ըստ դասարանների։ Եթե դպրոցը ունի մեկ մուտք, պետք է սահմանվի դպրոց հաճախելու առանձնահատուկ գրաֆիկ։
- Դպրոցի մուտքերի մոտ առանձնացվում է սենյակ կամ տարածք հիվանդ երեխաների մեկուսացումն ապահովելու համար մինչև ծնողի կամ բժշկի ժամանումը: Այդ տարածքները արգելվում է օգտագործել այլ նպատակների և տարանցիկ տեղաշարժի համար:
- Առանձնացված սենյակներում կամ տարածքներում ապահովվում են առաջնային բուժօգնության դեղարկղիկը, դիմակներ, ձեռնոցներ: Հարբուխով, ջերմությամբ, վատ ինքնազգացողությամբ կամ շնչառական վարակներին բնորոշ աշխատանշաններով սովորողներին, անձնակազմի ներկայացուցիչներին անհրաժեշտ է մեկուսացնել լավ օդափոխվող տարածքներում` առողջ անձանցից ոչ պակաս, քան 2 մետր հեռավորության վրա:
- Մուտքերը պետք է տարաբաժանվեն ըստ դասարանների՝ ելնելով տվյալ մուտքին առավել մոտ տեղադրված դասասենյակներ մուտք գործելու առաջնահերթությունից կամ, դրա անհնարինության դեպքում, այլ կանոնակարգով՝ բացառելով կուտակումները։
- Դպրոց մտնելիս կազմակերպվում է սովորողների ջերմաչափում և ձեռքերի ախտահանում:
- Մեծ թվով սովորողների դեպքում, եթե մուտքի մոտ ջերմաչափումը կարող է առաջացնել կուտակումներ, ջերմաչափումը կարող է իրականացվել դասասենյակներում՝ մինչև դասերի սկիզբը։
- Դպրոցը վարում է աշակերտների ջերմաչափման մատյան՝ համաձայն Ձև 1-ի:
- Մատյանում գրանցվում են միայն 37 և ավելի ջերմաստիճան ունեցող սովորողների տվյալները։
- Բարձր ջերմաստիճան ունեցող սովորողները մեկուսացվում են դրա համար հատկացված սենյակում՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը, այդ մասին տեղյակ է պահվում ծնողը կամ օրինական ներկայացուցիչը և տարածքը սպասարկող կամ կցագրված բժշկական կազմակերպությունը։
- Դպրոցի ներսում սովորողների շարժն անհրաժեշտ է կազմակերպել այնպես, որ բացառվեն կուտակումներն ու սերտ շփումները: Հարկից հարկ տանող աստիճանների մի մասով սովորողները պետք է բարձրանան, իսկ մյուս մասով՝ իջնեն այնպես, որ միմյանց չհանդիպեն: Դպրոցը պետք է ապահովի տեղաշարժի գծանշումը համապատասխան տարածքներում։ Այն դեպքում, երբ նշվածը հնարավոր չէ, դպրոցը նշանակում է հերթապահներ, ովքեր կկարգավորեն սովորողների տեղաշարժը:
--00—ՄՀ