ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Այսօր ժամը 10:30-ից Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները օդ էին բարձրացել Ադրբեջանի Հանրապետության «Գյանջա» օդանավակայանից և ապահովում էին Ադրբեջանի «Դալյար» օդանավակայանից ՀՀ Վարդենիսի տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիք, Սոթք տարածաշրջաններում տեղակայված ՀՀ բնակավայրերի և ԶՈՒ ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ Ադրբեջանի ՍՈՒ-25 և թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ով ռմբահրթիռային հարվածները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Տվյալ ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի ստորաբաժանումներին կրակային աջակցման մարտական խնդիրներ էր կատարում յուրային ավիացիան։
Մարտական խնդիրը կատարելիս հակաօդային և օդային մարտերի ընթացքում Թուրքիայի Հանրապետության F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը:
Օդաչուն, ցավոք, հերոսաբար զոհվել է:
Թուրքիայի Հանրապետության F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչը, ըստ օբյեկտիվ հսկման միջոցների, գտնվել է 60 կմ խորության, 8200 մետր բարձրության վրա։
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ:
Ադրբեջանը հրետակոծել է Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները Վարդենիսում, ինչի հետևանքով սպանվել է 1 քաղաքացիական անձ։ Հակառակորդի ԱԹՍ-ի հարվածից այրվել է քաղաքացիական ավտոբուս:
Հայկական կողմն ունի 83 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։
Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով հակառակոդն ունի բազմաթիվ մարդկային կորուստներ: Հայկական կողմը ոչնչացրել է 50 անօդաչու թռչող սարք, 6 ուղղաթիռ, 85 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ: Սեպտեմբերի 29-ին ՊԲ-ն հայտարարել է, որ Ադրբեջանը կորցրել է ևս 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 5 տանկ:
--00—ՄՀ