ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ մեկ հիվանդանոցային համալիրում այսօր բուժում են ստանում սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներ, կամավորներ և քաղաքացիական անձինք։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է ադրբեջանական ագրեսիայից տուժածներին, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով և շուտափույթ ապաքինում մաղթել: Բուժանձնակազմը նախարարին ներկայացրել է վիրավորների ապաքինման ընթացքը:
ԿԳՄՍ նախարարը զրուցել է վիրավորների և հոսպիտալում գտնվող նրանց ծնողների հետ՝
երախտագիտություն հայտնելով հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ջանքերի ու անձնուրաց ծառայության համար։
Նախարար Ա․ Հարությունյանն արձանագրել է, որ ժողովուրդը հպարտանում է իր բանակով, խիզախ զինվորով, որին բոլորս ենք պարտական մեր անվտանգության համար։
Ա․ Հարությունյանը պրոֆեսիոնալ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել նաև
համալսարանական կենտրոնի բուժանձնակազմին, որ շուրջ յոթ ամիս կորոնավիրուսի դեմ պայքար մղելուց հետո այս օրերին աշխատում է երկու ճակատում՝ ջանք չխնայելով վիրավոր զինվորների ու կորոնավիրուսով վարակվածների կյանքերը փրկելու համար։
Նախարարը հորդորել է խստորեն հետևել հակահամաճարակային բոլոր կանոններին, որ բժշկական սարքավորումներն ու անձնակազմի օգնությունն առաջնահերթ հասնեն զինվորներին և պատերազմի հետևանքով տուժած անձանց։
--00—ՄՀ