ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայանը շնորհավորել է Հայաստանին, Ադրբեջանին և ԱՄՆ-ին՝ հումանիտար հրադադարի պայմանավորվածության ձեռք բերման առիթով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է խորհրդականի գրասենյակի «Թվիթեր»-ի միկրոբլոգում:
«Ես ուրբաթ օրը Սպիտակ տանը հանդիպել եմ Հայաստանի Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, ինչպես նաև երեկ հեռախոսազրույց ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Շնորհավորում եմ բոլոր նրանց այսօր ձեռք բերված կրակի դադարեցման պայմանավորվածության կապակցությամբ: Կփրկվեն երկու ժողովուրդների կյանքերը: Պետքարտուղար Պոմպեոն և Սթիվեն Բիգանը կարևոր դեր են խաղացել: Գերազանց աշխատանք է կատարվել»,- գրել է Օ’Բրայանը:
Հիշեցնենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ԱՄՆ միջնորդությամբ պայմանավորվածություն են ձեռք բերել հումանիտար հրադադարի մասին, որն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 26-ին, ժամը 08:00-ին: Հոկտեմբերի 10-ին և 18-ին Ադրբեջանը խախտել է Ռուսաստանի և Ֆրանսիայի ջանքերով ձեռք բերված հումանիտար հրադադարի պայմանավորվածությունները:
--00--ԱՀ