ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել բելգիական հեղինակավոր La Libre Belgique պարբերականի հատուկ թղթակից Քրիստոֆ Լամֆալյուսիին:
Հարցին՝ ի՞նչ դեր է խաղում Թուրքիան հակամարտությունում, Արմեն Սարգսյանը պատասխանել է՝ բացարձակապես բացասական:
«Եթե Թուրքիան չխառնվեր, Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը հավանաբար կհամաձայնեին զինադադարի: Թուրքիան շատ ավելի լայն օրակարգ ունի՝ Սիրիայում, Իրաքում, Լիբիայում, Եգիպտոսում, Արևելյան Միջերկրականում: Նա ամենուր անկայունություն է ստեղծում և այդ անելով խախտում ստատուս-քվոն, որ իր դերն ավելի կարևորի:
Հիմնական թիրախը Եվրոպան է: Թուրքիան շատ խաղաքարտեր ունի: Դրանցից մեկն էներգետիկան է: Թուրքիան էներգիա գնող երկիր էր: Հիմա նրանք ուզում են սեփականը՝ իրենց իսկ հսկողության տակ: Եվ երբ Կասպից ծովի գազն ու նավթը պետք է ուղղվեն դեպի Եվրոպա, դա կլինի տրանսանատոլիական (TANAP), հետո՝ տրանսադրիատիկ (TAP) գազատարներով: Թուրքիան ուզում է վերահսկել Կասպից ծովից և Կենտրոնական Ասիայից եկող էներգահոսքը: Կենտրոնական Ասիայի երկրները, ինչպես նաև Հարավային Եվրոպան կախված կլինեն նրանից»-ասել է նախագահը:
Ըստ Արմեն Սարգսյանի՝ մյուս խաղաթուղթը փախստականներն են:
«Դուք չորս միլիոն փախստական ունեք ձեր սահմաններին, և Թուրքիան դրանով առևտուր է անելու ձեզ հետ: Դուք արդեն 6 մլրդ եվրո եք վճարել, չէ՞:
Երրորդ խաղաթուղթը ահաբեկիչներն են լինելու: Ո՞վ է ձեզ ասում, որ նրանք (որոնք Ադրբեջանում են-խմբ.) չեն կարող մի այլ օդանավ նստել ու գնալ Եվրոպա: Դա մարդկանց ծայրահեղության մղելու մի այլ միջոց է: Լիբիայում Թուրքիան նույն օրակարգն ունի. վերահսկել էներգահոսքերը և վերահսկել աֆրիկյան ներգաղթի դռները դեպի Եվրոպա»:
Նախագահը ընդգծել է, որ Եվրոպան չի հասկանում, որ Թուրքիայի ներկա ղեկավարությունն ունի բոլորովին այլ օրակարգ:
«Նա չի ուզում ԵՄ-ի հետ արժեքներ կիսել, օրինակ՝ հանդուրժողականություն: Այդ մարդիկ անհանդուրժող են: Ես խոսում եմ առաջնորդների մասին, ոչ թե թուրք ժողովրդի: 2007թ. հայտնի հայ լրագրող Հրանտ Դինքն սպանվեց Ստամբուլում...
Հարյուր հազարավոր թուրքեր ասում էին, որ իրենք Հրանտ Դինք են»,-գրել է Արմեն Սարգսյանը:
Հարցազրույցն առավել մանրամասն՝ այստեղ: