ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանակ չի գտել` ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հետ հանդիպելու համար: Ինչպես հայտնում է Ria.ru-ն, Պոմպեոն Թուրքիա է ժամանել` հանդիպելու Պոլսո Հունաց Տիեզերական Պատրիարք Բարդուղիմեոս Առաջինի հետ:
«Եվ պետքարտուղարը, և թուրք պաշտոնատար անձինք, այդ թվում` ԱԳ նախարար Չավուշօղլուն, կարծում եմ` նաև նախագահ Էրդողանը, կցանկանային, որ այդ հանդիպումը ստացվի: Արդյունքում` այն չստացվեց: Չստացվեց վերջնարդյունքում, քանի որ նախագահ Էրդողանի հանդիպումների ժամանակացույցը փոխվեց և չկարողացավ տեղավորվել այն պարամետրերում, որոնք մենք դրել էինք պետքարտուղարի այցի հիմքում»,- Ստամբուլում ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Պետքարտուղարության ներկայացուցիչը:
Նա ընդունել է, որ Վաշինգտոնի և Անկարայի միջև տարաձայնություններ կան, բայց տեղի ունեցածի հետ կապված հարցերին ի պատասխան` նշել, որ պատճառը Թուրքիայի առաջնորդի աշխատանքային ժամանակացույցն է:
«Չեմ կարծում, թե Թուրքիայի իշխանությունները զգում են` իրենց վանել են: Ի վերջո, սա ժամանակացույցի հարց էր: Եվ ըստ էության, թուրքերը լավ գիտեն` ինչ դիրքորոշում ունենք այն հարցերում, որտեղ տարաձայնություններ կան»,- ասել է Պոմպեոն` ընդգծելով, որ խոսքը իրավիճակի ընկալման մասին է այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսիք են Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանը, Լիբիան և Սիրիան:
--00--ԱԹ