ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ ստեղծված իրավիճակում բնակչության սոցիալական աջակցության ծրագրերի և ենթակառուցվածքների վերականգնման խնդիրների թեմայով:
Իրականացվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցումներով հանդես են եկել պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի ու էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունների պատասխանատուները:
Երկրի ղեկավարը նշել է, որ օր առաջ պետք է ավարտել ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներն ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ շրջաններում: Նախագահի խոսքով՝ պետք է գործադրել բոլոր ջանքերը բնակիչների վերադարձի կանոնավոր կազմակերպման և անհրաժեշտ գույքով ապահովելու համար:
Անդրադառնալով անօթևան մնացած քաղաքացիների բնակարանային խնդիրներին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ առաջին փուլում պետք է լուծել ՀՀ տարածքում նրանց կեցության խնդիրները՝ համագործակցելով ՀՀ պետական լիազոր մարմինների հետ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ստեղծված իրավիճակին վերաբերող այլ հարցեր:
--00--ԱԹ