ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 15, 24News
Հունվարի 15-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոյի հետ:
Նախարար Այվազյանն իր ֆինն գործընկերոջը համապարփակ տեղեկացրել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին հաջորդած իրադրության, ձեռքբերված հրադադարի պահպանման եւ տարածաշրջանում իրավիճակի կայունացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ: Այս համատեքստում նախարար Այվազյանը որպես հայկական կողմի առաջնահերթություն ընդգծել է ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց անվտանգ եւ անհապաղ վերադարձը:
Հայաստանի եւ Ֆինլանդիայի ԱԳ նախարարները կարեւորել են ԼՂ խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
Հեռախոսազրույցի ընթացքում արծարծվել են հայ-ֆիննական օրակարգին առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվեց քաղաքական երկխոսությանը նոր լիցք հաղորդելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ փոխադարձ այցելությունների եւ քաղաքական երկխոսության ակտիվացման միջոցով:
Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստան-Եվրոպական Միություն գործընկերությանը եւ դրա շրջանակներում Հայաստանի եւ Ֆինլանդիայի միջեւ համագործակցությանը:
--00--ԱՀ