ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 26, 24News
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունվարի 26–ին, հանդիպել է Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
Քննարկվել են հետպատերազմական իրավիճակում տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, ռազմագերիների վերադարձի գործընթացին, ներքաղաքական օրակարգին առնչվող հարցեր:
Դեսպան Կոպիրկինը կարեւոր է համարել երկկողմ աշխատանքների շարունակականությունը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում՝ ընդգծելով երկու երկրների միջեւ դարավոր ու եղբայրական կապերն էլ ավելի ամրապնդելուն ուղղված քայլերի անհրաժեշտությունը:
Գագիկ Ծառուկյանն իր հերթին վերահաստատել է, որ Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանում անվտանգության գլխավոր երաշխավորն է եւ Հայաստանի անփոխարինելի ռազմավարական գործընկերը: ԲՀԿ նախագահը նշել է, որ հայ-ռուսական քաղաքական, տնտեսական կապերի ամրապնդումն ու շարունակական զարգացումը չունի որեւէ այլընտրանք:
ԲՀԿ նախագահը դեսպան Կոպիրիկինին խնդրել է իր երախտագիտությունը փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Արցախում պատերազմը դադարեցնելու գործում ներդրած ակտիվ ջանքերի եւ դժվարին իրավիճակում հայ ժողովրդի կողքին կանգնելու համար:
--00--ԱՀ