ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երբեք չի ուղղորդվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, ինչպես նաև չի խախտել քաղաքական ուժերի հետ պայմանավորվածությունները։ Այս մասին 24News-ի հետ հարցազրույցում ասել է Արցախի նախագահի մամլո խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Չեմ կիսում տեսակետը, թե Արայիկ Հարությունյանը քաղաքական ուժերի հետ ինչ-որ ներքին պայմանավորվածություններ է խախտել։ Եթե փոխըմբռնման խնդիր է եղել, սա ուրիշ հարց է։ Բացի այդ, շարունակվում են խորհրդակցությունները խորհրդարանական ուժերի հետ։ Նախագահը հայտարարել է, որ բաց է քննարկումների համար և այս առումով եթե որևէ փոխըմբռնում չի եղել, դա դեռ չի նշանակում, որ ինչ-որ պայմանավորվածություն է խախտվել», - հայտարարել է նա։
Վահրամ Պողոսյանը նաև անդրադարձել է Հարությունյան - ՀՅԴ հարաբերություններին, նշելով որ որոշակի տարաձայնություններ կան, «բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ ավարտված է։ «Նախագահը ցանկություն չունի ավելի խորը լարվածություն ստեղծել նրանց հետ», - հավելել է նա։
Դիտարկմանը, թե ըստ Արցախի ՀՅԴ ղեկավար Դավիթ Իշխանյանի պայմանավորվածություն է եղել, որ Արայիկ Հարությունյանը պետք է «կտրվեր» ՀՀ իշխանություններից, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանից, Պողոսյանն ասել է․
«Բացառված է, որ նման հարց քննարկվեր, որովհետև Արցախի իշխանությունները չեն կարող կտրված լինել ՀՀ իշխանություններից, և ես այստեղ չեմ ուզում անձնավորել որևէ մեկին։ Ես դիտարկում եմ ամբողջական համատեքստում՝ անկախ նրանից, ովքեր են իշխանության թե՛ ՀՀ-ում, թե՛ Արցախում։ Նախագահը նման հարց որևէ քաղաքական ուժի հետ չի քննարկել»,- ասել է նա։
Վահրամ Պողոսյանի խոսքով՝ Արայիկ Հարությունյանը երբեք ուղղորդված չի եղել Նիկոլ Փաշինյանի կողմից։
«Նախագահ Հարությունյանը միշտ էլ ցույց է տվել իր սուբյեկտայնությունը։ Նման հայտարարություններն ավելի շատ ընդդիմադիր ուժերի կեցվածքից են արված, որոնք փորձում են ցույց տալ, որ իրենք ինչ-որ ձևով հակադրվում են իշխանությանը։ Մեկ-երկու մարդու մեղավորի աթոռին նստեցնելը ճիշտ չէ։ Եթե ուզում ենք պարտության պատճառները գտնել, ապա դա ավելի շատ ժամանակահատվածում պետք է դիտարկենք։ Դրա պատճառները խորքային են, և մեկ իշխանություն չի կարող լիներ դրա պատասխանատուն։ Դրա համար պատասխանատու են թե՛ Արցախի, թե՛ ՀՀ-ի ներկա ու նախկին բոլոր իշխանությունները», - հավելել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ