ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News
«Հրապարակը» զրուցել է Արթուր Ալեքսանյանի՝ Ամարասի Արթուրի հետ։ Հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորև.
-Տեղեկություն ունենք, որ զորախումբ եք հավաքում՝ մոտ 500 հոգանոց, որ Նիկոլ Փաշինյանի դեմ ուղղված ցույցերի մասնակիցներին ճնշեք: Նման օրինակ տեսանք նոյեմբերի 10-ից հետո՝ ժորա Սափեյանը խումբ էր հավաքել:
-Էդ ո՞վ ա տենց պրովոկացիոն բաներ ասել: Ես ջոկատ ունեմ՝ կարմիր բերետներն են, ԱԱԾ-ի նախկին վետերանները՝ հատուկ մարտական ստորաբաժանումներից. պատերազմի առաջին օրից սկսած՝ մարտական դիրքերում ենք եղել, Արցախում, փայլուն ձևով կատարել ենք մեր առջև դրված առաջադրանքը, մի սանտիմ հող չենք հանձնել: Հակառակը՝ պահել, պահպանել ենք, օգնել ենք ողջ Մարտակերտի շրջանը պաշտպանել: Եվ պատերազմից հետո էլ, հիմա գտնվում ենք Կապան քաղաքի մարտական դիրքերում, որտեղ մի սարսափելի իրավիճակ է: Գիտեք, որ թուրքերն ահագին ներխուժել են: Ըստ պայմանավորվածության՝ չգիտեմ ինչի, և հիմա շատ դժվար վիճակ է, եկել ենք մեր բանակի կողքը կանգնենք, որպեսզի ստեղի մեր հողերը պաշտպանենք, ժողովրդին պաշտպանենք և մեր պատմական հայրենիքի սահմանները: Մենք քաղաքական ոչ մի բաների մեջ չենք մտել, չենք մտնելու, մենք կոչված ենք հայրենիքի պաշտպանությանը և դրանով էլ զբաղվում ենք:
-«Ահավոր իրավիճակ» ասելով՝ նկատի ունեք հնարավոր բախո՞ւմ: Վտա՞նգ կա:
-Միշտ էլ, ամեն վայրկյան բախման հեռանկար կա և վտանգ: Դրա համար մենք ստեղ ենք գտնվում, որ, Աստված մի արասցե, մի բան լինի, կարողանանք օգնել մեր բանակին:
-Հիմա ավելի լարված է, քան պատերազմից հետո՞ էր:
-Ժողովուրդը շատ լարված է, որովհետև սահմանի ահագին փոփոխություն է եղել: Փորձում ենք իրենց հետ միասին էս լարվածությունը թուլացնենք: Եվ իրենք, մեզ տեսնելով, հարգելով, շատ ոգևորվում են, և հիմա էս ամեն ինչը հանգստացել է:
-Այսինքն՝ նորից թուրքերին գյուղեր, տներ զիջելու մասի՞ն է խոսքը:
-Ես չգիտեմ՝ էդ զիջել է կոչվում, թե՞՝ ինչ: Թուրքերը, ըստ պայմանավորվածության, մասամբ վերադարձել են գյուղերը, որտեղ նախկինում ապրում էին, և այդ վերադարձը լարվածություն է ստեղծել ժողովրդի մեջ և ոչ միայն Սյունիքի, այլև ողջ հայ ազգի: Մենք էլ առաջին օրվանից եկել ենք ստեղ և պատրաստ ենք ամեն ոտձգության դեմ՝ պաշտպանելու մեր հայրենի հողը:
-Իսկ կարելի է՞ ասել՝ Դուք իշխանությունների հետ եք:
-Ես իշխանության հետ չեմ, ես մեր հող ու ջրի հետ եմ, ես ժողովրդի հետ եմ, ես երբեք քաղաքականություն չեմ մտել: Ես միշտ եղել եմ բանակի կողքին կանգնած և մնացել եմ բանակի կողքին: Իշխանությունը ձեր գործն է. ընտրեք, փոխեք, դզեք, փչեք, ում էլ ընտրեք, ես իր զինվորն եմ: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում:
-Իսկ որ հրամանատարները զինված խմբեր են կազմում, օրինակ՝ Ռազմիկ Պետրոսյանը, որ պաշտպանեն իշխանությանը. դուք դատապարտելի՞ եք համարում: Ձեզ հայտնի՞ է այդ մասին:
-Ես տեղյակ չեմ, էս սարերում ոչ մի լուր մենք չունենք: Կապ չկա, չունենք, չենք էլ ուզում ունենալ: Ռազմիկ Պետրոսյանին շատ լավ գիտեմ, իմ մարտական ընկերն ա, ես չգիտեմ՝ հիմա ինքն ինչով է զբաղվում և որտեղ է:
-Արայիկ Հարությունյանը խոսում էր առաջիկայում նոր ցավոտ որոշումների մասին: Ոմանք կարծում են, որ Արցախում այլևս չեն լինելու հայկական զինված ուժեր:
-Չի կարող տենց բան լինի, և Արայիկ Հարությունյանը Երբեք տենց բան չի կարա ասի: Արայիկ Հարությունյանին ես, ինչ-որ անում ա, վստահում եմ: Էդ, ինձ թվում ա՝ պրովոկացիա է:
-Դուք դա բացառո՞ւմ եք:
-Այսինքն՝ ի՞նչը բացառեմ:
-Որ Արցախի բանակ չլինի, ինչը պահանջում է Ալիևը:
-Չի կարա տենց բան լինել. Արցախի բանակը եղել ա, կա ու կպաշտպանի իր հայրենյաց հողը և ինչ որ մնացել է: Ավելին՝ ես կարամ ասեմ, որ շատ շուտով, չգիտեմ երբ, բայց շատ շուտով պատմական մեծ փոփոխություններ են լինելու:
-Ռուսական կողմից ասում են՝ քաղաքական դաշտում միակ մարդը, որը ռևանշիստական հռետորաբանություն չունի, Նիկոլ Փաշինյանն է:
-Ռևանշիստը թուրքն ա և ռուսը: Հայը ռևանշիստ չէ: Ես համարում եմ, որ մենք պարտավոր ենք պատրաստվել՝ նոր պետություն, նոր ժողովուրդ, նոր բանակ ստեղծենք, որպեսզի կարողանանք մեր պատմական հողերը հետ ազատագրենք:
-Բայց ո՞նց եղավ, որ...
-Էղավ էն, ինչին արժանի էինք... ազգովի: 94 թվից ա սկսվել էս պարտությունը, էս պարտությունն էսօրվա պարտություն չէ:
-Դուք Նիկոլ Փաշինյանի տեքստն եք կրկնում՝ բանակը չեն զինել, կերել են, թալանել:
-Բանակը վատ ենք զինել, վատ ենք պատրաստվել: Բանակը եղել է երկրորդ հերթին, ընդհանուր տնտեսությունն է շատ վատ վիճակում, պետականաշինությունն է շատ վատ վիճակում եղել: Ամեն ինչ խախուտ է եղել: Մենք մեծ շանս ունեինք, որ դզվենք, և ոչ միայն մեր պատմական հողերը...
-Այսինքն, ասում եք՝ Տեր-Պետրոսյանը ճիշտ էր, Սերժ Մարզպանն ու Քոչարյանը՝ սխալ:
-Լևոն Տեր-Պետրոսյանը եթե ժամանակին պատերազմը չկանգնացներ, մեր հաղթարշավը, էս վիճակը հիմա չէր լինի: Եվ սխալ պայմանագիր՝ ոչ թե հաղթանակի, այլ զինադադար կնքեց: Ինչի՞ էն ժամանակ հաղթանակ չէր:
-Բայց ասում էր՝ տղա եք, պահեք:
-Դե ինքը տղա էր, չստորագրեր էդ ամեն ինչը: Տղա... ինքը տղա չի, սաղ հիմա տղա են դառել, Լևոնից սկսած, մինչև վերջ էլ, բոլորն էլ մեղք ունեն էս ամեն ինչում: Եվ մեկի վրա բարդել չի կարելի: Բոլորս ենք մեղավոր:
-Այսինքն՝ համարում եք, որ ճի՞շտ է Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ գլխավոր պատասխանատուն ինքը չէ:
-Գլխավոր է-գլխավոր չէ՝ ինքն էլ է պատասխանատու էս ամեն ինչի համար: Բայց հավասար ձևով, բոլորի հետ միասին»,-գրում է թերթը։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
--00—ԼՄ