ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
Ադրբեջանական լրատվամիջոցներում շարունակվում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի վերաբերյալ վիրավորանք ու ատելություն պարունակող հրապարակումներ` անվանելով «ֆաշիստական մանրէով վարակված պաշտոնյա», «երկերեսանի» և այլն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջոմ գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
Ադրբեջանական լրատվամիջոցի այս հոդվածը հրապարակվել է Պաշտպանի այն հայտարարությունների կապակցությամբ, որոնք առնչվում են Հայաստանի Սյունիքի մարզի սահմանային գյուղերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը: Ըստ հոդվածի` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս հարցերով հայտարարությունները մեծ դժգոհություն են առաջացրել ադրբեջանական լրատվամիջոցներում:
Հոդվածն ինքնին այնպիսին է, որ դարձյալ ակնհայտ ցուցադրում է հայատյացության հիմքերը:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքները` անկախ իր կարգավիճակից բխող օրինական գործունեության նկատմամբ որևէ ճնշումից:
--00--ԱՀ