ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը կարծում է, որ ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարության ընդունումից անմիջապես հետո իշխանությունը պետք է ներողություն խնդրեր ժողովրդից և հրաժարական տար:
Եթե իշխանություններն արժանապատվություն ունենային, ապա նրանք պետք է ինքնասպանություն գործեին Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ռուսական լրատվամիջոցների հետ հարցազրույցում այսպիսի հայտարարություն արեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Մեզ, իհարկե, հայտարարությունը դուր չի գալիս։ Բայց լավ համաձայնագիր ունենալու համար պետք է հաղթել պատերազմում կամ էլ գոնե չպարտվել։ Բայց մենք ունեցանք 1.5 էջանոց հայտարարություն` այնինչ նման հարցերը չեն լուծվում 1.5 էջով։ Այժմ պետք է մանրամասն մշակել բազմաթիվ փաստաթղթեր»,– Sputnik Armenia-ի հաղորդմամբ՝ ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով, սակայն, իշխանությունները չեն կարող դա անել ո՛չ ինտելեկտուալ առումով, ո՛չ էլ պրոֆեսիոնալ կամ բարոյական առումներով։
Հիմա նրանք, ըստ երկրորդ նախագահի, արժանապատվորեն բանակցել չեն կարող։
Քոչարյանը նշում է` եթե իշխանությունը մտածեր երկրի մասին, ապա կգնային ՝ իրենց տեղը զիջելով նրանց, ովքեր կարող են բանակցել
«Իշխանությունը նոյեմբերի 10-ին պետք է ծնկի գար, ներողություն խնդրեր ժողովրդից։ Եվ եթե արժանապատվություն ունենային, ինքնասպան կլինեին»,–իր խոսքն ամփոփեց Քոչարյանը։
--00—ՄՀ