ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
Տասն օր առաջ զավեշտալի դեպք է գրանցվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի շենքում: Yerevan.Today-ին հայտնի է դարձել, թե ինչպես է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ, ռազմական նախկին տեսուչ Մովսես Հակոբյանը իր ունիկալ, բայց ցավալի գրառումներով մեծ լարվածություն է առաջացրել էթիկայի հանձնաժողովականների մոտ:
Արցախում բնակված գեներալ-գնդապետն իր ամբողջ կարողությունները, բնականաբար, կուտակել էր հանձնված տարածքներում․ հայտարարագրելիս մարդը ստիպված անկեղծացել է։
Որպեսզի գործող իշխանությանը Արցախում իր ունեցվածքի մասին վերջին հայտարարագիրը ներկայացնի, գեներալ-գնապետ Մովսես Հակոբյանն ամեն մի անշարժ գույքի գտնվելու շրջանը, հողի ու առանձնատան արժեքը, մակերեսը նկարագրելիս տողի վերջում լրացրել է՝ «հանձնել եք թշնամուն», «տվել եք հակառակորդին», «նվիրել եք Ալիևին»: Սա, ըստ աղբյուրի, բավականին լուրջ խառնաշփոթ է առաջացրել հանձնաժողովի ներսում, ավելորդ սկանդալից խուսափելու համար խնդրել են գեներալին՝ վերանայել գրառումները: Մոսին սկզբում հրաժարվել է՝ ասելով, որ իրողությունը ներկայացրել է այնպես, ինչպես կա, սակայն ավելի ուշ գեներալ-գնդապետի հետ տարածք մտած մտերիմներից մեկի միջամտությամբ խմբագրվել է ծնունդով հադրութցի գեներալի հայտարարագիրը։ Իսկ թե ինչպես՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հրապարակումից հետո պարզ կդառնա:
Կայքի հետ զրույցում Մովսես Հակոբյանը չի հերքել իր հայտարարագիրը յուրահատուկ ձևակերպումներով ներկայացնելու մասին լուրը․ միայն քմծիծաղով հավելել է․
«Իսկ ի՞նչ պիտի անեի... Գրեի՝ վաճառե՞լ եմ, հա՞, կեղծե՞ի հայտարարագիրս , թե՞ գրեի՝ ինքս եմ նվիրել թշնամուն՝ իմ ձեռքով, իմ ստեղծածը... էս ա իրականությունը։ Այն է, ինչ կա։ Բայց ասեմ՝ այդ անկեղծությունը, ցավոք, չի արտացոլվել վերջնական հայտարարագրում»:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:
--00--ԱԹ