ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News
Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Տեղ համայնքում մարտի 20-ին ստուգել են Կոտայքի մարզի Արամուս գյուղի 27-ամյա մի բնակչի «Օպելը»։ Մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել են գործարանային համարներով «Կալաշնիկով» ինքնաձիգներ, ինքնաձիգի պահունակներ՝ լիցքավորված 5,45 և 7,62 մմ տրամաչափի 59 փամփուշտով։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, զենք-զինամթերքը առգրավվել և ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։ Գորիսի ոստիկանները, համագործակցելով Արարատի մարզային վարչության ստորաբաժանումների և ռազմական ոստիկանների հետ, պարզել են, որ ինքնաձիգները ուղարկվել են Արցախից։ Պարզվել է նաև ուղարկողի ինքնությունը, որը տվել է խոստովանական բացատրություն։
Ոստիկանությունը հայտնում է, որ հանգամանքները պարզվում են։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
--00--ԱՀ