ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News
Իրանի միջուկային համաձայնագրի (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր)` 4+1 ձևաչափով (Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) բանակցությունները հնարավոր են, եթե Միացյալ Նահանգները ցույց տա իր ազնվությունը: Ինչպես հայտնում է «Կոմերսանտ»-ը, այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին։
Նա կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի բանակցելու պատրաստակամությունն Իրանի հաղթանակն է:
«Ես երեկ կայացած նիստով բացել եմ միջազգային հարաբերությունների նոր էջ: Եթե ԱՄՆ-ն ցույց տա, որ անկեղծ է, ապա մենք կկարողանանք բանակցել 4+1 ձևաչափով»,- ասել է նա:
Ռոհանին նշել է, որ այսօր մի իրավիճակ է, երբ ԱՄՆ-ն արթնացել է բանակցությունների համար:
«Մենք հաստատում ենք, որ պատրաստ ենք վերադառնալ միջուկային համաձայնագրով մեր ստանձնած պարտավորություններին՝ բոլոր պատժամիջոցները չեղարկելու դիմաց։ ԱՄՆ-ն խոսում է ուղղակի կամ անուղղակի բանակցությունների պատրաստակամության մասին. սա Իրանի ժողովրդի հաղթանակն է»,- ասել է ԻԻՀ նախագահը:
--00--ԱԹ