ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրառում է արել ֆեյսբուքյան էջում անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից հայերի ցեղասպանության հավանական ճանաչմանը։
«Բայդենի աշխատասեղանին երկու փաստաթուղթ է դրվել: Երկուսն էլ ապրիլքսանչորսյան ուղերձի նախագծեր են․ մեկը՝ «Ցեղասպանություն» եզրույթով, մյուսը՝ առանց դրա: Որպես կանոն, դրանք պատրաստվում են ԱՄՆ Անվտանգության խորհրդի և Պետդեպի կողմից:
Այն փաստաթուղթը, որը պարունակում է «Ցեղասպանություն» եզրույթը, հայ համայնքի բացառիկ աշխատանքի արդյունք է: Մյուսը, որում բառը չկա, ձևավորվել է թուրքական լոբբինգի արդյունքում: Նման լոբբինգի համար հիմք են ծառայել նաև Հայաստանի իշխանությունների թրքահաճո հայտարարությունները՝ ԱԽՔ, ԱԺ փոխխոսնակ, Մակունց ձևաչափով: Այս հայտարարությունները Անկարան ներկայացրել է որպես հայ-թուրքական հարաբերությունների կագավորման գործընթաց, որին կխանգարի ճանաչման փաստը: Այսինքն՝ Թուրքիայի և Հայաստանի իշխանությունները նույն գծի մեջ են:
Ի դեպ, կա նաև երրորդ փաստաթուղթը, որը շրջանառության մեջ է դրվել գիտահետազոտական շրջանակների կողմից դեռևս Թրամփի օրոք: Այս փաստաթղթում ԱՄՆ նախագահը հղում է տալիս Ռեյգանի հայտարարությանը և Կոնգրեսի 2 պալատների բանաձևերին, սակայն իր անունից չի օգտագործում «Ցեղասպանություն» բառը: Վստահ չեմ, որ այս փաստաթուղթը հասել է Սպիտակ Տուն:
Հ. Գ. Երբևէ որևէ նախագահ այսքան մոտ չի եղել Ցեղասպանության ճանաչմանը: Երբևէ:
--00—ԼՄ