ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին, հայտարարել է, որ եթե խնդիրը չլուծվի, և եթե ադրբեջանցի զինվորականները ճլքեն ՀՀ տարածքը, հայկական կողմը դիմելու է ՌԴ-ին և ՀԱՊԿ-ին։
«Հետագա անելիքների մասին. երեկ՝ մինչև ուշ երեկո, բանակցությունները շարունակվել են, չորեքշաբթի օրը բանակցությունները շարունակվելու են: Բանակցություններն ունեն մեկ թեմա՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության տարածքից: Քանի դեռ սա տեղի չի ունեցել, հարցը, իրավիճակը մենք գնահատում ենք որպես ճգնաժամ, որը սպառնալիք է ստեղծում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, կայունության, տարածքային ամբողջականության համար, իրավիճակ, որը ձևակերպված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությամբ, Հավաքական անվտանգության մասին պայմանագրով և Ճգնաժամային իրավիճակների արձագանքման Հավաքական անվտանգության պայմանագրի կանոնակարգով: Քանի դեռ մեր առաջ քաշած լեգիտիմ խնդիրը չի լուծվել, ուրեմն այս բոլոր մեխանիզմները, զուգահեռ նաև հայ-ռուսական դաշնակցային մեխանիզմները պետք է գործարկվեն, որոնք նախատեսված են նման դեպքերի համար»,-ասել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նաև հայտարարել է, որ պետք է գործարկել և քաղաքական միջոցներով լուծել խնդիրը, եթե այդպիսի արդյունքի հնարավոր չլինի հասնել, ապա նույն տրամաբանության մեջ պետք է գործի դրվեն ռազմաքաղաքական մեխանիզմները:
«Նկատի ունեմ Հավաքական անվտանգության պայմանագրով և հայ-ռուսական պայմանագրերով նախատեսված են գործառույթներ, և այդ պայմանագրերը նախատեսված են հենց այսպիսի դեպքերի համար ու մենք, մեր լեգիտիմ իրավունքից օգտվելով, ձեռնարկել ենք այդ գործողությունների մեկնարկը»,-ասել է Փաշինյանը:
--00—ԼՄ