ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News
ՀԱՊԿ արտգործնախարարները երեկ քննարկել են Սյունիքի մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ Հայաստանի դիմումը, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդդին Մուխրիդինի հետ բանակցություններից հետո և հավելել, որ Ռուսաստանը կարող է միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների գծանշման հարցերի քննարկման ժամանակ։
ՀԱՊԿ շրջանակում սահմանային իրավիճակի կարգավորման համար Ռուսաստանը Երևանին և Բաքվին առաջարկել է օգնություն ցուցաբերել և հանդես է եկել հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիա և դելիմիտացիա անելու համար հանձաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, գրում է «ՏԱՍՍ»-ը։
«Երեկ մենք սկսեցինք ՀԱՊԿ արտգործնախարարների աշխատանքը ոչ ֆորմալ ռեժիմով: Մենք քննարկեցինք մեր հայ գործընկերների խնդրանքը և, համաձայն այս խնդրանքի, քննարկեցինք Երևանի և Բաքվի միջև ստեղծված իրավիճակը․․․
Կողմերի հետ նախնական համաձայնությամբ Ռուսաստանի Դաշնությունն առաջարկեց աջակցություն ցուցաբերել նախ սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի համար՝ այդ նպատակի համար առաջարկելով ստեղծել հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով, որում Ռուսաստանը կարող է մաս կազմել որպես խորհրդատու, եթե ցանկանում եք՝ միջնորդ»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Հիշեցնենք, որ, ըստ ՀՀ ՊՆ-ի, մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը «սահմանները պարզելու» պատրվակով փորձել են որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններից մեկում: Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինուժը դադարեցրել է աշխատանքը: Մի քանի օր տևած բանակցությունների արդյունքում ադրբեջանական որոշ ստորաբաժանումներ հետ են քաշվել, իսկ մյուսները դեռ տեղում են։ Բանակցությունները կվերսկսվեն այսօր։