ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News
Հայաստանում կբացվի՞ ռուսական երկրորդ ռազմաբազա, թե՞ կընդլայնվի առաջինը, այնքան էլ կարևոր չէ. այստեղ կարևոր է այն, որ մեր երկրում ՌԴ ներկայությունն ընդգծվի ռազմական առումով: Այս մասին ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:
«Ի դեպ, ռուսական բազան այդ իմաստով բավական ուժեղ է, սակայն այդ ներկայությունը պետք է ավելացնել»,- ասել է նա:
Լրագրողը հիշեցրել է՝ երկրորդ նախագահն այս տարի արդեն երեք անգամ զրուցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ապա խնդրել փոքր-ինչ բացահայտել զրույցի մանրամասները, արդյո՞ք քննարկվել է ներքաղաքական իրավիճակը կամ ԼՂ խնդիրը: Քոչարյանը հայտնել է, որ արդեն իսկ հաղորդվել է զրույցի թեմաների մասին, նշել՝ դրանից ավել չի կարող ասել:
«Վերջին՝ նախընտրական շրջանում շփումներ չեն եղել: Երբ լինում եմ Մոսկվայում, այդպիսի շփումներ ունենում եմ, Հայաստանից՝ ոչ; Դե, հասկանալի և հայտնի պատճառներով»,- նշել է նա:
Երկրոդ նախագահը նաև տեղեկացրել է, որ կապը պահպանում է ռուսական քաղաքական էլիտայի հետ:
«Այդ կապերը շատ անձնական մակարդակի վրա են: Ես կարողանում եմ բարեկամությունը, հարաբերչությունները պահպանել: Ընդհանրապես, կարծում եմ՝ անձնական հարաբերություններն անգամ միջպետական հարաբերություններում շատ կարևոր են: Այսինքն՝ մենք բոլորս մարդ ենք և մարդ ենք մնում: Իսկ դա չի կարող չուժեղացնել, չսնուցել միջպետական հարաբերությունները կամ հակառակը: Կարևոր է կառուցել վստահելի հարաբերություններ»,- ասել է Քոչարյանը:
--00--ԱԹ