ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News
ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» դաշինքի շտաբի պետ Արմեն Գևորգյանը Տելեգրամի իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագիրը լրամշակվում է։
«Սիրելի՛ հայրենակիցներ, ընտրապայքարի մեկնարկին «Հայաստան» դաշինքը մայիսի 29-ին ներկայացրեց իր համակողմանի նախընտրական ծրագիրը՝ «365 օր, ապագան սկսվում է հիմա» վերտառությամբ:
Այս ընթացքում «Հայաստան» դաշինքի աշխատանքային խումբը բազմաթիվ առաջարկություններ և գործնական դիտողություններ է ստացել մեր քաղաքացիներից: Եվ մեր նախընտրական ծրագիրը լրամշակվում է նաև ձեր առաջարկությունների ներառմամբ։
Այդ առաջարկությունների ամփոփման հետ կապված վերջին օրերի քննարկումների արդյունքում ձևավորվել է 4 փաստաթուղթ, մասնավորապես.
1 . Իրավական եվ հակակոռուպցիոն քաղաքականության վերաբերյալ ռազմավարական մոտեցումները,
2. ՓՄՁ զարգացման ռազմավարական մոտեցումները,
3. Վետերանների հարցերով պետական գերատեսչության վերաբերյալ նախագիծ,
4. Հայաստանում ռազմարդյունաբերության զարգացման ռազմավարական մոտեցումները:
Այս փաստաթղթերին կարող եք ծանոթանալ մեր դաշինքի պաշտոնական կայքէջում՝ դաշինք. հայ հասցեով:
Նշենք նաև, որ այժմ ամփոփվում են նաև պետական գնումների ոլորտին վերաբերող առաջարկություններն ու նկատառումները: Ըստ այդմ՝ մշակման փուլում է 5-րդ փաստաթուղթը հետևյալ աշխատանքային անվանմամբ՝ «Վերջին 3 տարիների ընթացքում պետական գնումների ոլորտում ծագած խնդիրները, առկա կոռուպցիոն սխեմաները և դրանք վերացնելու ուղիները»: Այս կարևոր խնդրին վերաբերող փաստաթուղթն ավարտուն տեսք կստանա առաջիկա օրերին:
Սիրելի հայրենակիցներ, սրտանց շնորհակալ ենք՝ «Հայաստան» դաշինքի ներկայացրած ծրագրի նկատմամբ ձեր ուշադրության, քաղաքացիական ակտիվության ու վերաբերմունքի և, ինչ խոսք, ձեր ներկայացրած բազմաթիվ առաջարկությունների, դիտողությունների, քննարկումային կարևոր խնդիրներ առաջադրելու համար:
Միաժամանակ, հավաստիացնում ենք, որ մինչ այժմ ներկայացված ձեր առաջարկությունների հետ կապված աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են, ինչպես շարունակվում է առաջարկությունների ընդունման, համակարգման գործընթացը:
Կարող եք լիովին վստահ լինել, որ այդ առաջարկություններից շատերն արտացոլվելու են Կառավարության առաջիկա գործունեության ծրագրերում:
Սիրելի հայրենակիցներ, նաև դրա համար կարևոր է մեզանից յուրաքանչյուրի անմիջական մասնակցությունը հունիսի 20-ի ընտրություններին, ուստի կոչ ենք անում անպայման մասնակցել քվեարկությանը և իրացնել Հայաստանում նոր և պատասխանատու, կարողունակ և ազգային իշխանություն ձևավորելու ձեր իրավունքը»,-գրել է Արմեն Գևորգյանը:
--00—ԼՄ