ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News
Ընկերությունը տեղեկացրել է, որ, հավանաբար, մինչև 2022 թվականը կներկայացնի հանրությանը «Tesla Bot» ռոբոտը, որը կարող է փոխարինել մարդկանց շատ ոլորտներում, գրում է «Ամերիկայի Ձայնը»:
Ըստ աղբյուրի՝ «Tesla»-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը օգոստոսի 19 -ին հայտարարել է, որ իր ընկերությունը, հավանաբար, մինչև 2022 թվականը կստեղծի մարդանման ռոբոտի մի նախատիպ՝ «Tesla Bot», որն, ըստ Մասկի, կարող է կիրառվել վտանգավոր, կրկնվող, ձանձրալի» առաջադրանքներ կատարելու համար, որոնք այժմ իրականացնում են մարդիկ:
Մարդկային արտաքինով ռոբոտը կզբաղվի ֆիզիկական աշխատանքով, որը մարդիկ ամենաքիչն են սիրում: Դա մեծապես կանդրադառնա տնտեսության վրա, ընդգծել է Մասկը՝ ելույթ ունենալով հինգշաբթի օրը ընկերության AI Day միջոցառման ընթացքում:
«Ապագայում ֆիզիկական աշխատանքը կդառնա ընտրովի: Եթե ցանկանում եք դա անել, կարող եք, սակայն չկա դրա անհրաժեշտությունը»,- հայտնել է Մասկը:
«Tesla Bot»-ը կունենա 1,7 մետր բարձրություն և կշարժվի առավելագույնը 8 կիլոմետր ժամ արագությամբ, տեղեկացնում է Մասկը:
«Մենք դա այդպես ենք նախատեսել, որպեսզի թե՛ մեխանիկական, թե՛ ֆիզիկական մակարդակում անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի հաջողությամբ հեռանալ նրանից: Հուսով եմ, որ դրա կարիքը երբեք չի լինի, բայց երբեք հայտնի չէ», - կատակել է Մասկը:
Մասկը տեղեկացրեց, որ գլխի փոխարեն ռոբոտը կունենա էկրան օգտակար տեղեկատվության համար: Այն հագեցած կլինի նաև ավտոպիլոտային համակարգով, ութ տեսախցիկներով ու սովորական ավտոմեքենայի համար նախատեսված պահեստամասերով, որոնք էլ կապահովեն ռոբոտի լիարժեք ինքնակառավարումը:
--00—ԼՄ