ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո ձեռք է բերվել եռակողմ խաղաղության համաձայնություն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև։ Դրանից հետո բանակցություններ են սկսվել սահմանազատման վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։
«Խորհրդային միության քարտեզների համաձայն Հայաստանի Գորիս-Կապան ճանապարհի երկու հատվածները պատկանում են Ադրբեջանին, սակայն համաձայնություն է ձեռք բերվել, որ մինչև սահմանազատման գործընթացի սկսվելը փոխադրամիջոցներ առանց արգելքի այս ուղղությամբ երթևեկեն։
Ինչպես գիտեք, Գորիս Կապան ճանապարհի որոշ հատվածներում ադրբեջանցի ոստիկանները մի քանի օր է կանգնեցնում են իրանական բեռները Հայաստան տեղափոխող վարորդներին, որպես մաքսատուրք որոշակի գումարներ են գանձում իրանցի վարորդներից»,- ասաց դեսպանը։
Դեսպանը նշեց, որ ադրբեջանցիները օտարերկրյա տրանսպորտային միջոցներից յուրաքանչյուր մուտքի ու ելքի համար գանձում են ճանապարհային հարկ։ Իրանական կողմը, այդ թվում՝ դեսպանատունը ջանքեր է գործադրում որպսզի հարցը հնարավորինս շուտ լուծում ստանա․
«Հայաստանի կառավարությունից ակնկալում ենք, որ Սյունքիքում Տաթևի այլընտրանքային ճանապարհը շուտ կկառուցվի և իրանցի վարորդները բեռնափոխադրումները այս ճանապարհով անվտանգ և ապահով պայմաններում կիրականացնեն»,- ասաց դեսպանը։
--00—ՄՀ