Ռուս խաղաղապահներից ԼՂ հակամարտություն. «Հենակետն» ամփոփում է շաբաթը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

Հենակետ

«Հենակետ» վերլուծական կենտրոնը համառոտ տեղեկություններ է հաղորդել ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:

Ընդհանուր բնույթի տեղեկություններ

Հոկտեմբերի 14-ին, Արցախի պաշտպանության բանակը հաղորդել էր, որ ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել ՊԲ մարտական հենակետներից մեկի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում են ստացել 6 զինծառայողներ, որից հետո ԱՀ ՊԲ-ից տեղեկացրել են, որ զինծառայողները հրազենային վիրավորումներով հոսպիտալացվել են։ Այս միջադեպից հետո, Արցախի նախագահի խորհրդականը տեղեկացրել էր, որ հարվածը հասցվել է ԱԹՍ-ի միջոցով: Օրերս ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրավոր հարցումով դիմել էր ՊՆ-ին, խնդրելով տեղեկացնել զինծառայողների անունները, նրանց առողջական վիճակը և իրականում ինչպիսի վիրավորում էին ստացել ՊԲ 6 զինծառայողները՝ հրազենային, թե բեկորային:

ՀՀ ՊՆ ից պատասխան գրությամբ տեղեկացրել են, որ Ալբերտ Սարուխանյանի վիճակը ծանր է, Խաչիկ Գևորգյանի վիճակը միջին ծանրության է, Քաջիկ Արշակյանի վիճակը բավարար է, Հրայր Հակոբյանի վիճակը ծանր է, Էդգար Հովակիմյանի վիճակը բավարար է, Լեռնիկ Չախիֆալակյանի վիճակը ծանր է։ ՊՆ-ն նաև տեղեկացրել է, որ 6 զինծառայողներից մեկը ստացել է հրազենային, հինգը՝ բեկորային վիրավորումներ։

ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանն հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակի վիճակն Արցախում գնալով վատանում է և վերջին տասն օրվա ընթացքում օրական տասնյակ նոր դեպքեր են արձանագրվում: Բեգլարյանը նշել է, որ տարբեր բուժհիմնարկներում բուժում են ստանում ավելի քան 140 հիվանդներ, որոնցից 76-ի վիճակը ծանր է, ներառյալ՝ 10 ծայրահեղ ծանր դեպք:

Նշենք, որ շաբաթվա ընթացքում Արցախում կորոնավիրուսից չորս մահ է գրանցվել, որից մեկը շուրջ 40 տարեկան կին էր՝ առանց ուղեկցող հիվանդությունների։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը, համագործակցելով Հայաստանում քարտեզների հրատարակության գործում մասնագիտացած «Կոլաժ» հրատարակչության հետ, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ֆինանսավորմամբ լույս է ընծայել «Արցախի հոգևոր-պատմական հուշարձանները» խորագրով քարտեզ (հայերեն, անգլերեն, ռուսերեն)։ Քարտեզները բացառիկ են նաև սահմանագծման տեսանկյունից, քանի որ երեք տարբեր գծագրումով նշված են Արցախի, ԼՂԻՄ և ներկայումս ադրբեջանական զինված ուժերի կողմից 2020 թ-ին բռնազավթված տարածքների սահմանները, որի միջոցով հնարավոր է հստակ տեղորոշմամբ տեսնել այն վանքերը, եկեղեցիները և պատմա-կրոնական նշանակություն ունեցող հուշարձանները, որոնք մնացել են գերության մեջ։

ՌԴ խաղաղապահների մասին

ՌԴ ՊՆ-ից տեղեկացրել են, որ Լեռնային Ղարաբաղի բոլոր դիտակետերում, որտեղ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողները կատարում են իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման հսկողություն, անցկացվել է կոմունիկացիոն համալիր վարժանք։ Նշվում է, որ լեռնային տարածքում գործնական մարտավարական խաղարկության ժամանակ կապավորները տեղակայեցին շարժական արբանյակային R-448 «Աուրիգա» կայանը և տրամադրել հսկիչ կետեր տեսակոնֆերանսների համար:

Պաշտոնական լրահոս

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 30-ին այցելել է ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայություն և մասնակցել համակարգի աշխատողի մասնագիտական օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը:

ԱՀ դատախազությունից տեղեկացրել են, որ 2015-2020թթ. ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից բացահայտվել է արցախա-իրանական սահմանին թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների 17 դեպք:

ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 25-ին հանդիպել է Լոս Անջելեսի հայկական համայնքի հարյուրավոր ներկայացուցիչների՝ Արևմտյան Ամերիկայի համահայկական խորհրդի և Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության կազմակերպմամբ:

Արտակ Բեգլարյանը հանգամանալից ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը, կարճաժամկետ ու երկարաժամկետ կարիքները և կառավարության ծրագրերը:

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը հայտարարել է, որ 2020-ի 44-օրյա պատերազմի հետևանքով ընդհանուր 41 500 բռնի տեղահանված մարդիկ կան ․ և տեղահանվածներից 16 000 մարդ է այս ընթացքում վերադարձել Արցախ, որից 10 000-ը բնակություն է հաստատել Ստեփանակերտում։

Նա նշել է, որ 2022-ին 2 500-ից ավելի բնակարան կհանձնվի շահագործման:

Արցախի Հանրապետության Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ 2021թ. հոկտեմբերի 3-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության մի խումբ անձանց կողմից հափշտակվել են Ճարտար գյուղի բնակչի 32 կովն ու 13 հորթը։

Վարչությունում վարույթ է ընդունվել ընդհանուր 12.370.000 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

ԼՂ հակամարտության մասին

Ավստրալիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ալեքսանդրն Ավստրալիայի ներկայացուցիչների պալատում անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սադրիչ հարձակումներին։ Ալեքսանդրը նաև մտահոգություն է հայտնել անցյալ տարի Արցախի դեմ Ադրբեջանի հարձակումների հետևանքով շարունակվող հումանիտար և քաղաքական ճգնաժամի կապակցությամբ։

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի (ANC-AU) գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը ողջունել է Ալեքսանդրի հրապարակային միջամտությունը։

Նշենք, որ որ օրերս Ավստրալիայի պաշտպանության նախկին նախարար, պատգամավոր Ջոել Ֆիցգիբոնը նույնպես հանդես է եկել Դաշնային խորհրդարանում՝ կոչ անելով Ավստրալիայի կառավարությանը հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանի ռազմատենչ պահվածքը խաղաղ և ժողովրդավարական Արցախի Հանրապետության դեմ։

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հայտարարել է, որ Արցախի կարգավիճակի հարցը եղել և մնում է հիմնախնդրի կարգավորման առանցքային հարցերից մեկը։

--00--ԱԹ