ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News
Նախկին ռեպետիտորից ի՞նչ պաշտպանության նախարար. բանակը քանդելու ամենակարճ ճանապարհն է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։
Պատգամավորի համոզմամբ, Հայաստանը ծանրագույն օրեր է ապրում, և կանգնած ենք պետությունը կորցնելու սպառնալիքի առջև։
Խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականության և սահմանային լարված իրադրության մասին՝ Ղազինյանը նշեց, «Նա հավակնում է մարդասպանից փոխակերպվել պետականասպանի»։
Ղազինյանը խիստ քննադատության ենթարկեց նաև փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի պաշտպանության նախարար դառնալու որոշումը։ Նրա կարծիքով, նախկին պատմության ուսուցիչ, ռեպետիտոր Պապիկյանին այդ պաշտոնին է հասցրել 2018 թ․-ի պետականակործան շարժումը և, ըստ երևույթին, նրա առջև հիմա էլ նպատակ է դրված վերջնականապես քանդել բանակը։
Պատգամավորը կարծում է, որ վերջին պատերազմում ոչ թե Հայաստանն է պարտվել, այլ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, իսկ ՀՀ-ն հիմա է մոտենում պարտությանը՝ խաղաղություն մուրալով, ինքնիշխանությունը կորցնելով, թուրքերի առջև խոնարհվելով։
Ղազինյանի խոսքով, եթե իրենք լինեին իշխանության, ապա վերջին մեկ տարվա աղմկահարույց դեպքերը տեղի չէին ունենա։ «Հայաստանին պետք էր նոր բանակցող, փորձառու և գիտակ գործիչ, որը մեզ դուրս կբերեր այս ճգնաժամից, իսկ հիմա Փաշինյանի իշխանությունը հոգեվարքի մեջ է և պետք է սպասի իր դատաստանին»,-ասել է Ղազինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։