ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
«ՀԲԸՄ Հայաստան»-ի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական Վարչության անդամ Վազգեն Յակուբյանը ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Երախտագիտություն» մեդալով: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել է ԱՀ նախագահի սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը, ով բարձր պարգևը հանձնել է Վ. Յակուբյանին։
«Հայ բարեգործական ընդհանուր միության անցնող տարվա գործունեության ծանրակշիռ մասը ետպատերզմյա Արցախին է վերաբերում։ Պետք է ընդգծենք, որ պատերազմի առաջին իսկ օրերին աշխարհում մեծ թափ ստացավ ՀԲԸՄ-ի գործունեությունը, և այն ուղղված էր Արցախին ու արցախցուն։ Դրանք քարոզչական, մասնագիտական, հումանիտար բնույթի լայնածավալ աշխատանքներ էին։ Արցախցի մեր հայրենակիցներին տրամադրվեցին կացարաններ, կատարվեց կամավորական շոշափելի աշխատանք։ Եվ դա շարունակվում է մինչ օրս՝ ներառելով բազում նորանոր ծրագրեր: ՀԲԸՄ-ն հայկական սփյուռքի հենասյուներից է և մեր ազգային հարստություններից մեկը»,- մեզ հետ զրույցում նշել է Ա. Սիմոնյանը` ընդգծելով, որ պետական պարգևը առաջին հերթին արցախցիների կարգանքի ու երախտագիտության դրսևորումն է կառույցի նկատմամբ:
--00--ԿԿ