ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24 News
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովը շուտով կարող է ստեղծվել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողով։
«Մենք ելնում ենք այն ենթադրությունից, որ դա տեղի կունենա շուտով, մենք անհաղթահարելի խոչընդոտներ չենք տեսնում այս համաձայնագրի ամենաբարձր մակարդակով իրագործման ճանապարհին»,- ասել է Ռուդենկոն։
ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ մայիսին հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակի սրման հենց սկզբից Ռուսաստանը հանդես է եկել որպես միջնորդ՝ առաջարկելով իր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապատասխան բանակցային գործընթաց սկսելու համար։
«Ցանկանում եմ նշել, որ միջադեպերն անմիջականորեն կապված չեն ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտու հետ, խնդիրը ժառանգվել է խորհրդային ժամանակներից և պայմանավորված է երկու երկրների միջև պետական սահմանի ողջ երկայնքով պատշաճ միջազգային իրավական գրանցման բացակայությամբ»,- շեշտեց նա։
--00—ՄՀ