Երևանում եմ, սպասում եմ բանակցության մեկնարկին. հանդիպում չի եղել. Փարաքարի համայնքապետի թեկնածու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 5, 24News

նկար

«Ես Երևանում եմ, սպասում եմ բանակցությունների մեկնարկին, «Դավիթ Մինասյան» դաշինքի ավագանու անդամ Էմին Երիցյանի միջնորդությամբ հեռախոսահամար է փոխանցվել ինձ, որպեսզի «Քաղաքացիական պամանագիր» կուսակցության թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանի և «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածու Դավիթ Մինասյանի թեկնածուների հետ բանակցություններ ընթանան, դեռևս չենք հանդիպել»,- այս մասին 24News-ին տեղեկացրեց Փարաքարի համայնքապետի թեկնածու ընտրված Վալոդյա Գրիգորյանը:

Նշենք, որ այսօր՝ հունվարի 5-ին, Փարաքար համայնքի ավագանին իր անդրանիկ նիստն էր հրավիրել, օրակարգում համայնքապետի ընտրության հարցն էր, սակայն նիստը չկայացավ ավագանու չներկայանալու պատճառով:

Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ, և 10 ձայնով իրենց թեկնածուն՝ Վոլոդյա Գրիգորյանը, ընտրվել է համայնքի ղեկավար, որից հետո եկել էին ավագանու մնացած 11 անդամները, և 11 ձայնով համայնքապետ էր ընտրվել Դավիթ Մինասյանը, որը «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածուն է: Նրան էին ընտրել նաեւ ՔՊ-ի անդամները: Արդյունքում երկու ուժերը պնդում են, որ համայնքապետ է ընտրվել իրենց թեկնածուն: 

Նշենք նաև, որ Դավիթ Մինասյանը հայց էր ներկայացրել դատարան՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Վարչական դատարանը որոշման համաձայն՝ Փարաքար համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները անվավեր են ճանաչվել։

Հարցին, թե հնարավո՞ր է Դավիթ Մինասյանի օգտին որոշում կայացվի և նա դառնա համայնքապետ, Վոլոդյա Գրիգորյանը պատասխանեց. «Ո՛չ, ժողովրդի պահանջն է եղել, որ ես ընտրվեմ, և դա բարձր տեղում պետք է լինի, շատ ձայն հավաքած ուժը պետք է ղեկավարի, երկրորդ տեղ գրաված ուժը օգնի առաջին տեղ գրավածին, երրորդ ուժին էլ օգնեն այդ երկուսը, դա կստեղծի ժողովրդի համար համերաշխության բարձր աստիճան»: 

Վոլոդյա Գրիգորյանը չբացառեց, որ հնարավոր է երկրորդ անգամ ընտրություն նշանակվի, և պարզաբանեց, որ ավագանու այսօրվա նիստին չմասնակցելու պատճառը համայնքում համերաշխության ֆոնը պահպանելն էր, այլապես կարող էին տարաձայնություններ լինել:

Հերմինե Միքայելյան

--00—ԼՄ