ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
«... Մեզ ամեն ինչ պարտադրել են: Մենք երբեք չենք հենվել մեր առաքինություններից բխած արժեքների վրա` ստեղծելու համար ուրիշները: Վազել ենք հարավ, վազել ենք հյուսիս՝ աղոտ փարոսների մեռնող լույսի ետևից ու մնացել ենք մենակ՝ փխրուն ապակե պատրանքը մեր ձեռքին...»:
Կոստան Զարյան
Ինչպես ասում էր Այդին Մորիկյանը, «Խորենացուց հետո, փաստորեն, կարելի էր ոչ մի բան էլ չգրել։ Գեղարվեստականից բացի»։ Եզրափակենք ցիկլը Վանոյի «Գովք հայվանությանը» (Չլիներ այդ նավթը) հոդված֊վերնագրով, որի իմաստը հայկականության մեջ մշտապես ու լրջորեն արդիական է։ Այսինքն` քաղաքական բնութագրումներն այնքան են սեղմված և անփոփոխ, որ հազարամյակից ավել տևած ժամանակագրության մեջ ամփոփվում են կարճ ու դիպուկ ասվածում։
Հայրենական պատմաբաններն ու մշակութաբանները պետք է, ի վերջո, պատասխանեն, թե ոնց մինչ օրս Չարենցի քաղաքակրթական հարցադրումը` «ո՞վ ենք մենք, ո՞րտեղից ենք գալիս և ո՞ւր ենք գնում» չգտավ իր վերջնական ու ճշմարիտ պատասխանը, ինչի շուրջ քաղաքական վերնախավի և մտավորականության կողմից կլիներ աներկբա կոնսենսուս։
Այսինքն` մենք ոչ միայն Չարենցի հարցի պատասխանը չունենք, այլև` չունենալու պատասխանն էլ չենք գտել։
Ազգերի համաշխարհային պատմաբանական հետազոտության մեջ արդյոք կգտնվի՞ երկրորդ այն ժողովուրդը, ով հավակնում է գոնե միջին կրթվածություն ունեցող հասարակության նշաձողին, և իրավամբ իր մեջ կրում է մոլորակային անհատականությունների կենսագրություն, բայց հինգհազարամյա պատմության տևողության մեջ ավելի շատ ու շուտ կրկնում է նույն կատաստրոֆիկ սխալները, քան շտկումներով է զբաղված։
Ինչպես Սիրադեղյանն էր 1999 թ.-ին ասում. «Սա «հայի բախտ չի, այլ՝ հայի խելք»։
Մեծ ու հզոր պետություն դառնալու հնարավորությունն անդառնալիորեն կորսված է, իսկ խելոք պետություն կերտելու ճանապարհը ոտնահարվում է գավառամոլական մտքի ցեխոտ ոտքերով։ Ինչո՞ւ մարմնի հենց այդ մասով, որովհետև հայրենական (ազգայնական) քաղաքական սեգմենտը մեծապես մտածում է սրունքով, իսկ գլխով մտածողությանն էլ խփում քացով` բարբաջանքի (ոչ թե խոսքի) այդ որակով ու ձևով, եթե, իհարկե, տվյալ ժամանակահատվածում միտք արտադրողի ֆիզիկական գոյությունից անասնական վախ չի ապրում, ինչն էլ որ հատուկ է ստրուկին կամ ճորտին, որն էլ որ հեռու չէ մեր ժողմենթալիտետից։
Եվ հիմա քաղաքական դաշտը փռվածությամբ ծածկել են ծնկի բերված, բայց թոթովախոսության եռանդը չկորցրած Փաշինյանն ու շարքային ընդդիմադիրի կեցվածքում արմատապես ամրապնդվող և, իր ես-ից բացի, ուրիշ այլ բան տեսնելու ունակություն չունեցող Քոչարյանը` երկուսն էլ լեգիտիմորեն ընտրված։ Նրանք, ովքեր հայ ժողովրդի ամենատրագիկ ու, ցավոք սրտի, շարունակվող փուլերից մեկի ժամանակ իրենց քարոզչական լաթերի վրա գրեցին «Լավ ա լինելու» ու «Ապագա կա» կենցաղային կարգախոսները և ոչ միայն ոչինչ չարեցին իրավիճակի բարելավման համար, այլև ագրեսիվ համառությամբ, անիմաստ մարմնաշարժությամբ և դեմագոգիկ ու պոպուլիստիկ լեզվաշարժությամբ ավելի խորացրին համահայկական ճգնաժամը։
Պառլամենտական երկրորդ բլոկն այլընտրանք չէ նիկոլիստական վարչակազմին, այլ անուղղակի (կամ միտումնավոր) ձևով նրա իշխանական երկարակեցության համար թթվածին ապահովողն է։ Փաստ է 2021 թ. հունիսի 21֊ի համապետական ընտրությունների արդյունքը, որի իմաստն այն էր, որ ինչքան էլ Նիկոլն արհամարհելի կերպար է, բայց Ռոբերտով նրան փոխարինելը հասարակության և ժողովրդի համար անընդունելի է։ Սրանով Քոչարյանի քաղաքական գործունեությունը դե ֆակտո ավարտվեց․ հիմա իր կողմից արվողը զուտ դաշտում մնալ֊երևալու խնդիր է լուծում։
Հայաստանը երբեք չի եղել այսպիսի անհանդուրժելի վիճակում, երբ մերժված են բոլորը, ժամանակ կորցնելու ժամանակ չկա, սակայն բոլորի ուժերը միասին և առանձին չեն հերիքում ոչ մի բանի համար, և հույսը մնում է օտարի հովանուն ապավինելը, ինչն արագացող այս աշխարհում և մեր հասարակության դեգրադացման պայմաններում սպառնում է ինքնության ոչնչացման առարկայական վտանգով։
Հավաքական առումով պետության մեջ բացակայում է վերնախավն իր բոլոր գույներով` քաղաքական, հոգևոր, ռազմական, բուրժուական, մտավորական։ Ձևով իբրև թե կան, բայց օգտակար գործողության գործակցի իմաստով գոյություն չունեն։ Այսինքն՝ նորից կրկնվում է Խորենացու «Ողբը»՝ որպես ամենից արդիական և բոլորից շատ տեղի ունեցող ներհայկական իրավիճակ։
Գործընթացները, բնականաբար, պիտի հասնեին համապետական այսպիսի աղետի, երբ ժամանակին քանդեցին «Ղարաբաղյան Շարժման» կողմից դրված անկախ պետության հիմքերը, սպանվեց Վազգեն Սարգսյանը, կառուցվեց կառավարման դժգույն մի բուրգ և ամեն ինչի ակորդը եղավ Նիկոլի ղեկապետությունը, որը ոչ այլ ինչ է, քան մի լածիրակապետություն։
2018 թ. աշնանը պարզ էր, որ գլխավոր խաղացողները լինելու են Քոչարյանն ու Փաշինյանը, և ֆիասկոյից խուսափելու ու ճշմարիտ ուղու ճանապարհը հարթելու համար Երրորդ ուժի կարիքը կար` մի օպոզիցիայի, որ դեմ
կլիներ վերոգրյալ երկուսին և կկարողանար ֆորս մաժորի դեպքում դրսևորվել վճռականորեն` բեկում մտցնելով նախկին֊ներկա, սև ու սպիտակ ապիկար մթնոլորտում։ Ի զորու կլիներ զարթնացնել ու զարգացնել հանրային ըմբոստություն, որ կկանխեր կատաստրոֆան։
Փաստենք, հիմա մենք բաց ենք թողնում այդ Երրորդ ուժի ստեղծման վերջին ժամանակը (timing):
Հայ ժողովուրդն ու հանրությունը` գաղափարապես սնանկ, աննպատակ և թափթված, այսօր երկու շահ են հետապնդում` ֆիզիկական անվտանգություն և սոցիալական տանելի վիճակ։ Երկուսի երաշխավորման գործը չեն վստահում ներքին ուժերին։ Նիկոլի պառլամենտական հաջողությունը պայմանավորված չէր պետության առաջընթացով, այլ արդյունքն էր Քոչարյանի և թիմի սխալների, եթե, իհարկե, նրանք անկեղծ էին ու նպատակ կար իշխանություն վերցնելու։
Տվյալ պարագայում շատանում է օտարահպատակության մոլուցքը։
Այս պահին համեմատաբար շահեկան վիճակում է գտնվում Սերժ Սարգսյանը։ Ի տարբերություն Նիկոլի, ով երկրի ղեկավարն է և Ռոբերտի, ով շարունակում է իր դեմքով վերադարձի քաղաքականություն վարել, Սարգսյանը դրսևորում է իրեն որպես ակտիվ խաղացող, բայց ոչ իր անձով իշխանության հավակնորդի թեկնածու։ Եվ քանի որ, թե Նիկոլը, թե Քոչարյանը սպառված են ու որևէ պետական կամ քաղաքական առաջընթաց արձանագրելու հնարավորություն չունեն` Սերժ Սարգսյանը, ունենալով անհրաժեշտ ռեսուրսները, կարող է նպաստել Երրորդ ուժի ստեղծմանն ու կայացմանը և այդպիսով լայնացնել գործողությունների հնարավորության սպեկտրը, ինչը կբերի փոփոխությունների, որոնք կարող են կանխել (կամ դժվարեցնել) ոչ հայանպաստ որոշումների իրականացումը, ինչից չի կարող խուսափել Փաշինյանը` կապիտուլացվածի հանգամանքով պայմանավորված, ինչին չի կարող խանգարել Քոչարյանը` պարտված լինելու պատճառով և ինչը կյանքի չի կարող չկոչել Նիկոլը, ով ներսում հաջողել է Ռոբերտի շնորհիվ։
Հայաստանը պատված է դեղնա֊դարչնագույն շղարշով, որի գոյության երկարումը բերելու երկրի վերջնական կործանմանը։ Առողջացման պրոցեսը չի կարելի հետաձգել` ժամանակը ոչ ոքի չի սպասում։
P. S. Մենք կկարողանանք Խորենացու «Ողբ»֊ից դուրս գալ, երբ կգտնենք Չարենցի հարցերի պատասխանը։ Յուրաքանչյուր կատակլիզմ առիթ է վերաիմաստավորման ու վերանորոգման, և սա մեր վերջին շանսն է սթափվելու ու ճշգրիտ գործելու։ Առանց ԳԵՐԽՆԴԻՐ, նպատակ, խնդիրներ և միջոցներ առաջ քաշելու ու լուծելու՝ ոչինչ չի ստացվելու։ Հակառակում հայ ժողովուրդը, որպես պատմական երևույթ և աշխարհում քաղաքակրթական խոսքի իրավունք ունեցող, իր առաքելությամբ ապրող գործոն չի լինի` կլինի անուն ու ազգանուն ունեցող մի զանգված, ով այդպես էլ չհամապատասխանեց յուր մեծերին, չգտավ իրեն առաքինի գործերում, չհասկացավ և չգնահատեց իրեն տրվածը ու հավերժորեն մնաց զոհի ու մուրացիկի որբադեմ կեցվածքում։
Ռուբեն Վարդանյան
պատմաբան, հրապարակախոս
--00—ԼՄ