ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
Ծանր հիվանդության պատճառով այսօր կյանքից հեռացել է կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը: Կոմպոզիտորը 64 տարեկան էր: Վերջին օրերին նա հոսպիտալացված էր և ծանր վիճակում էր։ Մահվան պատճառը կոկորդի քաղցկեղն է։
1992 թվականին նա նշանակվել է Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ գործակալության նախագահ, մինչ 1994 թվականը ղեկավարել է Հայաստանի պետական ջազ նվագախումբը։ 1994 թվականից հիմնադրել է Հայաստանի Երգի պետական թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն է։ 1995-1998 թվականներին եղել է Երևանի Երիտասարդական պալատի տնօրենը։ 2001 թվականից Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ էր, 2009 թվականից՝ խորհրդատու։
Հեղինակել է «Այո», «777», «Ասուպ», «Ընծա» մրցանակաբաշխությունները, «Հենց այսպես», «Տես» հեռուստահաղորդումները, «Կանաչ գոտի», «Արցախի ձայներ» նախագծերը, Հայաստանի «Զաքյան» ֆոնդի հովանավորչական ամենամյա հեղինակ-կատարողների մրցանակաբաշխությունը։ Նախաձեռնել և ղեկավարել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի էստրադային կուրսը։ Հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոներ, թեմատիկ և էստրադային համերգներ։
--00—ԼՄ